Գագիկ Մինասյան. ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել պարտադիր կուտակային բաղադրիչը
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել պարտադիր կուտակային բաղադրիչը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՍԴ-ն հրապարակեց պարտադիր կուտակային բաղադրիչի մասին օրենքի հոդվածների սահմանադրականության հարցով որոշումը՝ վիճարկվող դրույթները ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միաժամանակ հայտարարեց, որ օրենքի հոդվածները համակարգային առումով փոխկապակցված են 50 օրենքների հետ, դրանք ենթակա են վերանայման և իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով, իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց սեպտեմբերի 30-ը` ԱԺ-ին հնարավորություն տալով կուտակային և փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումը համապատասխանեցնելու ՍԴ որոշմանը:
«Նախ լավ կլիներ, որ ես մանրամասն կարդայի որոշումը: Ամեն դեպքում ասեմ, որ լսելով՝ ես հասկացա, որ ՍԴն համակասահմանադրական չի ճանաչել գաղափարախոսությունը, որը դրված է այդտեղ, մասնավորապես՝ հենց պարտադիր կուտակայինի բաղադրիչը: Օրենքը, կարծում եմ, պետք է բավական արագ շտկվի և բարեփոխումները առաջ կտարվեն»,- նշեց Գագիկ Մինասյանը:
Ճշտող հարցին, թե ՍԴ-ն օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական չճանաչե՞ց, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Պարտադիր բաղադրիչը, որքան ես լսեցի, հակասահմանադրական չի համարվել, առաջարկվում է գտնել ձևեր, որ այդ գաղափարը հնարավոր լինի իրականացնել»:
Մեր հարցին, թե հնարավոր կլինի՞ մինչև սեպտեմբերի 30-ը փոփոխություններ կատարել, նա դրական պատասխան տվեց. «Կարծում եմ, որ այդ ժամանակի ընթացքում դա հնարավոր է իրականացնել»: