Զգալի չափերով գույքի գաղտնի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. փետրվարի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, քաղաքացի Մ. Թ.-ն պուրակում զբոսնելիս կորցրել է դրամապանակը, որում եղել է 16.000 ՀՀ դրամ, 901 ԱՄՆ դոլար, տարբեր փաստաթղթեր և բանկային քարտեր:
Մ. Թ.-ն դիմել է ոստիկաններին, ովքեր պարզել են, որ դրամապանակը գտել և իր մոտ է պահել 1931թ. ծնված Ի. Մ.-ն, որից, սակայն, 901 ԱՄՆ դոլարը բացակայել է: Ի. Մ.-ն հայտնել է, որ դրամապանակը գտնելուց հետո այն չի բացել, գումարը չի վերցրել, այլ փոխանցել է իրեն բերման ենթարկած ոստիկաններին: Սակայն ոստիկաններ Գ. Ա.-ն և Հ. Մ.-ն ժխտել են Ի. Մ.-ից դրամապանակը վերցնելու, առավել ևս` դրանից գումար հանելու հանգամանքը` պնդելով, որ բերման ենթարկելու ամբողջ ընթացքում դրամապանակը գտնվել է Ի. Մ.-ի մուշտակի գրպանում:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն