Պուտինի թիրախը Հայաստանն է. ԱՄՆ Կոնգրեսի Հետախուզության հանձնաժողովի ղեկավար

Ինչպես գրում է ամերիկյան «The Fiscal Times»-ը, ԱՄՆ Կոնգրեսի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Քայք Ռոջերսը Fox News-ի եթերում ուշագրավ հայտարարություն է արել՝ անդրադառնալով ուկրաինական իրադարձությունից հետո ստեղծված իրավիճակին։ Նա ասել է, որ բացի Ուկրաինայի արևելյան սահմանին տասնյակ-հազարավոր զինվորներ տեղակայելուց՝ Ռուսաստանը զինուժ է կուտակում նաև Հարավային Օսիայում։ Ռոջերսը ենթադրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ներխուժել Վրաստան և Հայաստան` որպես Իրանի հետ ցամաքային ուղիղ կապ ստեղծելու ջանքերի մի մաս։

«Նրանք տեղափոխում են իրենց ամենաժամանակակից տեխնիկան Հարավային Օսիա։ Նման բան անելու ոչ մի պատճառ չկա։ Վրացական զինուժն իրոք որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Դա իսկապես մտահոգիչ է,- հայտարարել է Ռոջերսը՝ ավելացնելով,- Կցանկանայի հարցնել՝ ինչո՞ւ են այդ զինտեխնիկան մոտեցնում Վրաստանի վերին սահմանին։ Այդ քայլը որևէ այլ բացատրություն չունի, քան այն, որ նրանք դիտարկում են Վրաստանի տարածքով անցնել Հայաստան և Իրանի հետ ցամաքային կամուրջ ստեղծել»։ ԱՄՆ Կոնգրեսի կարևորագույն այս պաշտոնյան վերջերս է վերադարձել Ուկրաինա և Վրաստան կատարած ուղևորությունից։

Վրաստանում նա, իր խոսքերով՝ անձամբ է տեսել ռուսական զինվորական ճամբարները։ Նաև հանդիպել է երկրի պաշտպանության ոլորտի ղեկավարների հետ։ Ռոջերսն ասել է, որ ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, և հասկանալի է, որ Ռուսաստանը ձգտում է սերտացնել հարաբերություններն Իրանի հետ։ Նրա խոսքերով՝ թեև Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ, սակայն իրականում ելքեր չի փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Ինչ վերաբերում է Ուկրաինային,  ապա, ըստ ամերիկյան հետախուզության վարկածի, Պուտինի հեռահար նպատակն է՝ ցամաքային կապ ստեղծել Ղրիմի և Մերձդնեստրի միջև։

Տեսանյութեր

Լրահոս