«Դեղերը ինքներդ տարեք, եթե հիվանդները չեն կարողանում գալ». Հարություն Քուշկյան
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորում: Նախարարը ծանոթացել է բժշկական հաստատության շենքային պայմաններին, քննարկել անհրաժեշտ սարքավորումներին, բժիշկ-մասնագետներին առնչվող խնդիրներ:
Երկհարկանի շինության մեջ բուժմիավորման տնօրենն անում է հնարավորինն ազգաբնակչության բուժօգնությունը մատուցելու համար:
Քարվաճառում նախարար Քուշկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել պետության կողմից տրամադրվող դեղերի ապահովման մեխանիզմներին, մասնավորապես` հորդորել է ակտիվություն ցուցաբերել այդ հարցում:
«Եթե հիվանդներն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում հասնել շրջանային բուժմիավորում դեղերը ստանալու համար, դուք ինքներդ տարեք դրանք», — ասել է նախարարը:
Հարություն Քուշկյանը հատկապես շեշտել է շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին ինսուլինով և հակադիաբետիկ հաբերով ապահովման անհրաժեշտությունը:
Շրջանային բժշկական հաստատությունում նախարարին հետաքրքրել է նաև պատվաստումների օրացույցի կատարողականը, մասնավորապես` սառցե շղթայի ապահովումը, սառնարանների և սառնարան-պայուսակների առկայությունը, ինչպես նաև ամբուլատոր քարտերի պատշաճ վարումը: Նախարարն անձնակազմին խոստացել է, որ շուտով բուժմիավորումում փոփոխություններ կլինեն, առաջիկայում կհստակեցվեն շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերը:
Նախարարի հաջորդ համայցը Մարտակերտի շրջանում է եղել: Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի տեղամասային հիվանդանոցում խնդիրները նույնն են, շենքային վատ պայմաններ, մասնագետների պակաս: Գյուղապետարանի նախկին շենքում տեղակայված տեղամասային հիվանդանոցում Հովհաննես և Մելանյա Սարգսյաններն են աշխատում:
Ծագումով մարտակերտցի ամուսինները Երևանից վերադարձել են հայրենիք և իրենց գիտելիքներն ու փորձն են բերել հայրենակիցներին օգնելու համար: Նախարարը քննարկել է հաստատության խնդիրները, տվել հանձնարարականներ:
ԼՂՀ առողջապահության նախարարություն