Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 102 %
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը զեկուցել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 102 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կատարած աշխատանքն ու հորդորել է նույն եռանդով շարունակել սեփական եկամուտների հավաքագրման իրականացումը․
«Վերջին տարիներին գույքահարկի և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Սա ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է բոլոր այն ստորաբաժանումների կողմից, որոնք ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը։ Վառ ապացույցը նաև 2014թ. առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ավելի քան 102 %-ի հասցնելն է, ինչն իսկապես աննախադեպ ցուցանիշ է։ Ֆինասական հոսքերի ճշգրիտ և արդյունավետ կառավարման արդյունքում այսօր մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն սեփական եկամուտների հավաքագրման կատարողական, այլև տարեցտարի ընդլայնել համայնքային բյուջեով նախատեսված ծրագրերով իրականացվող աշխատանքների ծավալները»,- ընդգծել է քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն