Սամվել Մարտիրոսյան. «Ֆեյքերի» մասին օրինագիծը նեղացնում է ոլորտում առկա սահմանումները

«Ֆեյքերի» մասին օրինագիծը նեղացնում է ոլորտում առկա սահմանումները: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Այս օրինագիծն այնքան է նեղացնում ինչ-որ սահմանումներ, որ կարող է ապագայում խնդիրներ առաջացնել, որովհետև կան հարցեր, որոնք պարզ չէ, թե ապագայում ինչպես են լուծվելու. մենք չունենք դատական լուրջ փորձ այս ոլորտում ու միանգամից փորձում ենք մտնել օրինական դաշտ»,- հայտարարեց Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե նայենք, թե օրենքում ինչպես է մեկնաբանվում լրատվամիջոցը, ապա այդ սահմանման տակ կարելի է հասկանալ Odnoklassnik.ru, facebook.com պրոֆիլները, կեղծ պրոֆիլը, եթե այն հրապարակային է: «Եթե նույնիսկ ընկերների համար միայն լինի, պրոբլեմի առաջ եք կանգնում, որովհետև ես կարող եմ գրել միայն ընկերներիս համար, ընկերներիցս մեկը share անի ու դա դառնա հրապարակային: Ավելին, եթե ես dropbox-ում ֆայլ եմ դնում բոլորի համար, դա դառնում է լրատվամիջոց»,- նշեց նա:

Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքը ռիսկային է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի համար: «Հիմա մի օգտատեր մեկի մասին վատ բան է գրում, ես էլ դա share եմ անում ու դառնում է լրատվամիջոց, պատասխանատու՝ դա տարածելու համար»,- նշեց նա:

Սամվել Մարտիրոսյանը ևս մի խնդրահարույց հարց բարձրացրեց՝ կապված լրատվամիջոցների yutube-յան ալիքների հետ: Նա հետաքրքրվեց՝ արդյոք youtube-ում տեսանյութի տակ տեղադրված մեկնաբանությունը համարվո՞ւմ լրատվամիջոցում տեղադրված մեկնաբանություն, որի պատասխանը, ըստ նրա, օրինագիծը չի տալիս:

Նա նշեց նաև, որ դժվար կլինի ապացուցել՝ արդյոք ծաուցում ստացե՞լ է մարդը, թե՞ ոչ: Սամվել Մարտիրոսյանն առաջարկեց օրինագիծը դարձնել նախադեպ ստեղծելու հարթակ՝ ինտերնետի հետ կապված խնդիրները քննարկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս