
Մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև գիշերը. քաղաքապետարան

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առանց ընդհատման շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքապետարանի համապատասխան ծառայություններից զատ աշխատանքներում ընդգրկված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացող աշխատանքներին տեղերում հետևում են վարչական շրջանների ղեկավարները: Գլխավոր փողոցների ու մայթերի մաքրմանը զուգահեռ` ձնամաքրման աշխատանքներ են կատարվել նաև երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում: Մաքրվել են նաև ստորգետնյա և վերգետնյա անցումների աստիճանահարթակներն ու անցուղիները: Մայրաքաղաքի փողոցներում աշխատում է շուրջ 130 միավոր հատուկ մեքենասարքավորում: Փողոցների և մայթերի մշակման համար, ժամը 21:00-ի տվյալներով, արդեն իսկ օգտագործվել է 254 տոննա տեխնիկական աղ և 550 տոննա ավազ: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքները կշարունակվեն նաև ամբողջ գիշեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն