
Ռուբեն Հովսեփյանը՝ ՀՀ կառավարության մասին. «Բայց ի՞նչն է վատ աշխատում…»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը վստահում է ՀՀ կառավարությանը, ուստի դեմ է քվեարկելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությանը, որը խորհրդարան կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հովսեփյանը:
Մեր ճշտող հարցին՝ լա՞վ է աշխատում ՀՀ կառավարությունը, դրա համար եք վստահում, ՀՀԿ-ական պատգամավորը հարցով պատասխանեց. «Բայց ի՞նչն է վատ աշխատում…»:
Դիտարկմանը, թե մարդիկ դժգոհ են, Ռ. Հովսեփյանը զարմացավ. «Բայց ժողովուրդը ե՞րբ է իշխանություններից գոհ եղել, որ հիմա էլ գոհ լինի… Մի խոսքով՝ ես վստահում եմ»:
Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռուբեն Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, անհամբեր սպասում է, թե երբ պետք է գործի Քննչական միասնական կոմիտեն: Ռ. Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են արդյոք այդ լուրերը: ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ պատասխանել՝ հորդորելով հարցն ուղղել անձամբ Աղվան Հովսեփյանին: Նրա խոսքով՝ իրենք աշխատանքային թեմաներով իրար հետ չեն զրուցում: