1 տարվա ազատազրկում՝ բարձրախոսը դատարանում վկայի վրա նետելու համար

31-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու համար: Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է մեկ տարվա ազատազրկման, դրան գումարել նաև մեկ այլ արարքի համար նրա նկատմամբ որպես պատիժ նշանակված 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը:

Դատարանի կողմից երիտասարի նկատմամբ վերջանական պատիժ է նշանակվել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Նախկինում 5 անգամ դատապարտված երիտասարդին նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրա վերաբերյալ քննվող մեկ այլ գործով դատական նիստի ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտել գործով տուժողի և դատաքննությանը ներկա գտնվող անձանց նկատմամբ:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը տուժողի ցուցմունքից հետո, հեգնանքով և ոչ հարգալից տոնով, վիրավորական արտահայտություններով հարցեր է ուղղել նրան, այնուհետև հայհոյել նրա և դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց հասցեին, ինչի համար նիստը նախագահող դատավորի կողմից նախազգուշացում է ստացել դատական նիստի կարգը խանգարելու, դատական նիստի ընթացքը խոչընդոտելու համար և դրա հետևանքների մասին:

Ըստ մեղադրանքի՝ նրան կարգի հրավիրելուց հետո ևս սեփական անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքից ամբաստանյալը չի դադարեցրել իր խուլիգանական գործողությունները և երբ դատական նիստերի դահլիճ է մտել տվյալ գործով հաջորդ վկան, նրան տեսնելուն պես վերջինիս անվանել է՝ «վիժվածք»:

Դատավորը հիշեցրել է դատարանի նախազգուշացման մասին, որից հետո միայն որոշում է կայացրել վերջինիս 36 ժամով հեռացնել դատական նիստերի դահլիճից և 5 րոպե ընդմիջում հայտարարելով` դուրս է եկել դատական նիստերի դահլիճից։ Ըստ մեղադրանքի՝ երբ ուղեկցող դասակի ոստիկանները ցանկացել են ամբաստանյալին տանել պահման խուց, նա, գտնվելով մեղադրող կողմի սեղանի կողքին, սեղանի վրայից վերցրել է բարձրախոսն ու հայհոյանքներ տալով  տուժողի հասցեին, բարձրախոսը նետել է նրա ուղղությամբ:

Բարձրախոսը, սակայն,  չի դիպել տուժողին` այն լարով համակարգչի հետ ամրակցված լինելու և ուղեկցող դասակի ոստիկանների կողմից նրա գործողությունները ժամանակին կանխելու հետևանքով:

Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ բորբոքվել է իր դեմ տված ցուցմունքից, բարձրախոսը նետել տուժողի օգնությամբ, դիտավորյալ որևէ բան չի արել, պարզապես միջադեպի օրը խիստ բորբոքված լինելով չի գիտակցել իր արարքը, վկայի ցուցմունքն իր նկատմամբ համարել է անարդար և քանի որ տառապում է նյարդային հիվանդությամբ, ուստի իր հիվանդության հետևանքով հայտնվել է այդպիսի վիճակում:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ երիտասարդը մեղսունակ է ճանաչվել: Փորձագետները նշել են, որ նա որևէ խրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում, այլ նա հանդիսանում է «անձի էմոցիոնալ անկայունություն խանգարում» ախտորոշմամբ փսիխոպաթ անձնավորություն։

Որպես հոգեկան հիվանդությամբ չտառապող անձնավորություն նա ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս կարող էր և կարող է հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար, հասկանալ իր գործողությունների հասարակական վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագետները նշել են նաև, որ դատապարտվելու դեպքում նա կարիք ունի նյարդահոգեբույժի հսկողությանը կալանավայրի պայմաններում:

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել, դապատարվել ազատազրկման. դատարանը որոշել է նաև, որ երիտասարդը պատիժը կրելու ընթացքում կլինի նյարդահոգբույժի հսկողության տակ:

Տեսանյութեր

Լրահոս