Բաժիններ՝

Պատժամիջոցները սպառնում են Լոնդոնում բնակվող Ռուսաստանի գաղտնապահ օլիգարխներին

Վերջին տասնամյակի ընթացքում Լոնդոնը ձգողական ուժ է ունեցել հարուստ ռուսների համար: Նրանք գնում էին քաղաքի ամենաթանկ շրջաններում գտնվող անշարժ գույք՝ այդ նպատակով հաճախակի ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարի գումարներ: Լոնդոնում ներդրվող տասնյակ միլիարդավոր ռուբլի կազմող գումարների հոսքը սակայն կարող է այժմ վտանգված լինել, քանի որ Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումից հետո Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներ է ծանրութեթև անում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարուստ թաղամասերը քաղաքի ազգությամբ ռուս բնակիչները «Լոնդոնգրադ» են անվանում: Լոնդոնի գրավչության հիմքում ընկած է քաղաքում գույքի սեփականության անվտանգության ապահովման գործուն համակարգը:

Փորձագետների համաձայն, Մեծ Բրիտանիայում գործում է դատական և սեփականության իրավունքների այնպիսի համակարգ, որը գոյություն չունի Ռուսաստանում: Այսպիսով, Ռուսաստանի հարուստ մարդիկ ցանկանում են Լոնդոնում ձեռք բերել անշարժ գույք՝ ապագայի նկատմամբ իրենց ունեցած վստահությունը բարձրացնելու նպատակով:

Հարուստ ռուսաստանցիների կողմից այս գործելակերպի շարունակությունն այժմ հարցականի տակ է հայտնվել, քանի որ Մեծ Բրիտանիան նախատեսում է խստացնել Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները՝ վերջինիս կողմից Ուկրաինա կատարվող ներխուժումը խորացնելու դեպքում:

Լոնդոնի արժեթղթերի շուկաներում ցուցակված է Ռուսաստանի մոտ 70 ընկերություն, այդ թվում՝ «Ռոսնեֆտ»-ն ու «Գազպրոմ»-ը: Փորձագետները տեղեկացնում են, որ պատժամիջոցների սպառնալիքները, որոնք նպաստել են ներդրողների հետաքրքրության նվազեցման, արդեն իսկ հետաձգել են բաժնետոմսերի առնվազն երկու վաճառք:

Լոնդոնի անշարժ գույքի գործակալների համաձայն, թանկարժեք անշարժ գույքը հատկապես բարձր գրավչություն ունի ռուսաստանցի ներդրողների համար, իսկ Մեծ Բրիտանիայում գործող գաղտնիության օրենքները թույլ են տալիս անշարժ գույքի գնումներ կատարել օֆշորային ընկերության անունից, ինչի դիմաց անհրաժեշտ է համապատասխան հարկ վճարել: Չնայած դրան՝ ունևոր ռուսաստանցիները ցանկանում են օգտվել իրենց անունը չհրապարակելու հնարավորությունից:

Վերլուծաբանները պնդում են, որ Ռուսատանի նախագահը հենվում է օլիգարխների աջակցության վրա, որոնց գումարները ներդրված են Լոնդոնի թանկարժեք անշարժ գույքի մեջ: Նրանց համաձայն, եթե Ռուսաստանի էլիտար խավի լայն շերտերին լուրջ անհարմարություն պատճառվի, եթե նրանց ունեցվածքը ոչնչացվի, եթե Լոնդոնի նման վայրերում նրանց ներկայությունն այլևս ողջունելի չլինի, ապա տրամաբանական կլինի ենթադրել, որ նման միջոցները Ռուսաստանի նախագահին իրենց հավատարմության լուրջ փորձ կդառնան:

Կան սակայն կարծիքներ, որոնց համաձայն Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները կարող են անմիջական լուրջ ազդեցություն չգործել Ռուսաստանի տնտեսության վրա, քանի որ Իրանի, ինչպես նաև, Սադդամ Հուսեյնի կառավարման օրոք՝ Իրաքի նկատմամբ ժամանակին ընդունված նման պատժամիջոցները լուրջ ազդեցություն էին սկսել գործել բազում տարիներ անց, իսկ ընթացքում Եվրամիության պետությունների տնտեսությունը կարող է լուրջ  վնաս կրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս