«Ես ընդհանրապես ուզում եմ, որ ամբողջ իշխանությունը փոխվի, մենակ վարչապետի փոփոխությունը ոչ մի բան չի տա»
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երկար ճամփորդությունից հետո վերադարձել է Հայաստան: 168.am-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանն ասաց, որ իր բացակայությունը շուտով լրացնելու է, վերադառնալու է ակտիվ քաղաքական կյանք, շուտով նույնիսկ մամուլի ասուլիս է հրավիրելու:
Թեև Տ. Կարապետյանն այս ընթացքում հասցրել է երեք պետություններում հանգստանալ՝ Շրի Լանկա, Բանգլադեշ, Հնդկաստան, ամեն դեպքում հետևել է նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու եկել այն եզրահանգման, որ ընդդիմությունը «ճիշտ է անում», որ իշխանափոխություն է պահանջում:
Հարցին՝ արդյոք ինքը կո՞ղմ է, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ են հանդես գալիս, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես ուզում եմ, որ ամբողջ իշխանությունը փոխվի, մենակ վարչապետի փոփոխությունը ոչ մի բան չի տա, որովհետև նախագահը պետք է փոխվի, ամեն ինչ պետք է փոխվի՝ վերևից ներքև: Ես ռադիոյով լսում էի Րաֆֆի Հովհաննիսյանին, ասում էր, որ իշխանությունը պետք է վերևից ներքև փոխվի, իսկ եթե մենակ վարչապետին են ուզում փոխել, ուրեմն՝ սխալվում են»:
Մեր դիտարկմանը, թե քառյակի ոչ բոլոր անդամ-քաղաքական ուժերն են այդպես կարծում, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ամբողջական իշխանափոխության մասին չեն խոսում, ԺԿ նախագահն ասաց, թե դա իր համար տարօրինակ է:
«Ես կողմ եմ, որ իշխանությունն ամբողջովին փոխվի, որովհետև խաբեբա իշխանություն է, չար իշխանություն է, հայ ժողովուրդն էլ չի ուզում ապրի Հայաստանում, փախնում են, դուրս են գնում բոլորը: Բա ո՞նց կարելի է սեփական իշխանությունից փախնել»,- ասաց նա:
Մեր հարցին, թե արդյոք վարչապետի փոփոխությամբ չի՞ կարելի հասնել նախագահի փոփոխության, արդյոք իշխանափոխությունը չի՞ կարող փուլային լինել, ինչի մասին խոսում են քառյակի ներկայացուցիչներից շատերը, Տիգրան Կարապետյանն այսպես արձագանքեց. «Չէ, էդ խաբկանք ա, հա, իհարկե, պետք է վարչապետն էլ փոխվի, բայց եթե մենակ վարչապետը փոխվի, դա ոչինչ չի լուծի, նախագահը մնում է, չէ՞, նախագահը պետք է փոխվի…»:
Իսկ թե ինչո՞ւ քառյակը չի պահանջում նախագահի հրաժարականը, Տիգրան Կարապետյանի համար էլ անհասկանալի է: «Շատ տարօրինակ է… չգիտեմ»,- հավելեց նա: