Կռված տղերքի պատմությունը այսօր վերագրում են մանիկյուր տղերքին ու պուզատիներին. Ծաղիկ Ռուբո. news.am

Ի՞նչ կազմակերպություն են ստեղծել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը եւ Ռուստամ Գասպարյանը, ովքե՞ր են անդամակցելու դրան, ի՞նչ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանը եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այդ կառույցի նկատմամբ:

Այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ԲՀԿ -ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբոյի») հետ:

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիք ստեղծել Ազատամարտի նվիրյալների միությունը, քանի՞ անդամ ունեք, ե՞րբ է համագումարը, ո՞վ է ղեկավարելու կառույցը:

Մեր մի քանի կամավորական ջոկատների հրամանատարների կողմից վաղուց կար այդ մտադրությունը, բայց ԵԿՄ վերջին համագումարը ստիպեց մեզ արդեն իսկ լիարժեք զբաղվել մեր կողմից նախաձեռնված կազմակերպությունը իր կառուցման եւ կայացման վերջնակետին հասցնելուն: Համագումարի օրը եւ ժամանակը չեմ կարող ասել, քանի որ դեռ ընթանում է կազմակերպության անդամների համալրման գործընթաց եւ այն դեռ իր կայացման վերջնական փուլում է, թեպետ ընդգրկված անդամների քանակով այսօր էլ կարող ենք հրավիրել հիմնադիր համագումար: Բայց եւ այնպես շտապելու խնդիր չկա, քանի որ կազմակերպության հիմնադիրներիս առջեւ խնդիր է դրված մանրակրկիտ ուսումնասիրել անդամագրվող նվիրյալների մարտական ուղին: Ընդգրկում ենք միմիայն պատերազմի մարտական գործողություններին մասնակցած ազատամարտիկներին եւ հատկապես նրանց, ովքեր զինադադարից հետո մինչ այսօր հասարակության մեջ կարողացել են անաղարտ պահել իրենց դեմքն ու բարոյական նկարագիրը: Այնպես որ Ազատամարտի նվիրյալների միության համագումարի ժամանակ ժողովուրդը անմիջապես կտեսնի իր երկրի նվիրյալներին եւ համագումարի դահլիճից միմիայն վառոդի հոտ կառնի, ոչ օծանելիքի: Կազմակերպությունը ղեկավարվելու է համագումարի ժամանակ ընտրված վարչության կողմից:

Նման կառույց ստեղծելու խնդիրը արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից չի՞ դրվել:

Գագիկ Ծառուկյանը մեր քաղաքական առաջնորդն է եւ բոլոր քաղաքական խնդիրների ծագման առումով ենթակա ենք իրեն: Բայց մենք՝ ես ու Ռուստամը, լինելով ազատամարտի մասնակից եւ ջոկատի հրամանատարներ, ինձ թվում է՝ հասարակական գործունեություն ծավալելու մեջ ազատ ենք եւ ոչ մեկին հաշվետու չենք, եթե դա չի առնչվում այն կուսակցությանը, որտեղ մենք ենք ծավալում մեր քաղաքական գործունեությունը: Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, կգա Հայաստան եւ կիմանա այդ մասին լրատվամիջոցների հրապարակումներից: Մենք անհարմար վիճակում կգտնվենք,քանի որ անկախ քաղաքական գործընկեր լինելուց, նաեւ ընկերներ ենք, իսկ ինքը այդ լուրը մեզնից իմանալու փոխարեն, մամուլից է իմանալու:

Լրատվամիջոցները անընդհատ շեշտում են, թե դուք ստեղծել եք այլընտրանքային ԵԿՄ եւ փորձելու եք համախմբել ԵԿՄ-ից նեղացածներին:

Ծիծաղելի է: 10 տարի սովետական ռեժիմի օրոք նստած եմ եղել եւ միշտ խույս եմ տվել նեղացածներից՝ «աբիժնիկներից», ո՞ւր մնաց նրանցով համալրված մի միավորում ստեղծեմ: ԱՆՄ-ի մեջ համալրվում են պատերազմում կռված տղերք, որոնք անգամ սպարապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ ԵԿՄ-ի անդամ չեն դարձել կամ սպարապետի մահից հետո հեռացել են ԵԿՄ-ից: Անդամագրվում են մարդիկ, որոնք տարիների ընթացքում իրենց արժանապատվությունը չոտնահարելու համար, այո, դուրս են եկել ԵԿՄ-ից: Գիտե՞ք ինչ, երբ պատերազմում իսկական կռված տղերքի կողմից կատարած ֆիզիկական ամենածանր աշխատանքն էլ վերագրեն մի վարդագույն դեմքով տղայի, նրանք չեն նեղվի, բայց երբ հասակն առած մի պապայի բալա՝ նստած սրճարանում, ոտքը ոտքին գցած, սիգարը բերանին, լկտիաբար կարող է արտահայտվել, որ պատերազմում զոհված հերոսը, որին կարմիր դագաղով տանում են Եռաբլուր, ինքն է եղել, դա արդեն անհանդուրժելի է: Ահա այսօրվա մեր իրականությունը: Որպեսզի հնարավոր չափով կարողանանք ինքներս մեզ, մեր արժանապատվությանն ու կերտած կենսագրությանը, պատմությանը տեր լինել ստեղծեցինք Ազատամարտի նվիրյալների միավորում հ/կ-ն, այլապես իսկական ազատամարտ անցած տղերքի պատմությունը այսօր վերագրում են մանիկյուր տղերքին ու կորեյկոներին՝ պուզատիներին: Արդյոք ԵԿՄ-ի վերջին համագումարում կազմված վարչության նկարագիրը դրա մասին չի՞ խոսում:

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս