Պուտինը գիշերը զանգահարել է Օբամային. news.am
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ ուշ երեկոյան զանգահարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի «դիվանագիտական կարգավորման» եղանակների քննարկման համար, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը՝ վկայակոչելով Սպիտակ տունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ցանկացել է իր ամերիկացի գործընկերոջ հետ մասնավորապես քննարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկությունները, որոնք այս շաբաթվա սկզբին Հաագայում հանձնվել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Ի պատասխան նախագահ Օբաման առաջարկել է, որպեսզի Ռուսաստանը գրավոր հստակ պատասխան ներկայացնի, նախագահները պայմանավորվել են, որ Քերին ու Լավրովը հետագա քննարկումների համար կհանդիպեն»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո սա նախագահների առաջին զրույցն է: Զրույցի ընթացքում Բարաք Օբաման նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները գործում են «զսպված ու լարվածության մեղմացմանն ուղղված մոտեցու են դրսեւորում»: Օբաման կոչ է արել Ռուսաստանին աջակցել այդ գործընթացներին եւ «խուսափել հետագա սադրանքներից»:
«Նախագահ Օբաման հայտարարել է Պուտինին, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել դիվանագիտական կարգավորմանը Ուկրաինայի կառավարության հետ սերտ համագործակցությամբ,- նշվում է հայտարարության մեջ:- Օբաման հասկացրել է, որ դարձյալ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն իր զորքերը հետ քաշի եւ քայլեր չձեռնարկի, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հետագա խախտմանը»:
Թարգմանությունը` News.am-ի: