
«Մոլորակի ժամը». Երևանում այսօր մեկ ժամով կանջատվեն լույսերը

Այս տարի «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 154 պետություններ: Այն տեղի կունենա մարտի 29-ին՝ տեղական ժամանակով ժ. 20:30-ից 21:30-ը:
Երեւան քաղաքում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաեւ փողոցային լուսավորությունը:
Բացի խորհրդանշական լույսերի մարումից, այդ օրը աշխարհում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, համերգներ եւ այլն: Այս տարի Երեւանում երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ եւ WWF հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի կունենա հեծանվային ֆլեշ մոբ երթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30՝ շարժվելով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից Մաշտոցի պողոտայով երթը կընթանա մինչեւ Հաղթանակի զբոսայգու մուտքի դիմաց գտնվող տերեւի հուշարձանի հարթակը (Կասկադի վերին հատվածում): Երթի նպատակն է հասարակությանը ներգրավել «Մոլորակի ժամը» ակցիային՝ խթանելով այլընտրանքային տրանսպորտի օգտագործման ծավալների ավելացումը:
Նշենք, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Հարկ է նշել, որ մասնակից քաղաքների թիվը տարեց տարի աճում է, եւ 2013թ. կազմել էր 150 պետությունների 7000 քաղաքներ: Գնալով ակցիան ձեռք է բերում մեծ հեղինակություն` ապահովելով 1 մլրդ-ից ավել բնակչության մասնակցություն ողջ աշխարհում: