Հայերը կպայթեցնե՞ն ռուսական ռումբը

«Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպանատան, ավելի կոնկրետ՝ Թբիլիսիում գործող հյուպատոսության մոտ Ջավախքում ապրող էթնիկ հայերի հերթեր են գոյացել: Նրանց Ռուսաստանի Դաշնության անձնագրեր են բաժանում»,- նախօրեին «Gruziya Online» գործակալությանը տեղեկացրել է Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան: Ըստ նրա, Վրաստանում ապրող հայ բնակչության մեծ մասն արդեն ստացել է ռուսական անձնագրեր, որոնք,  Գամսախուրդիայի խոսքերով, «նրանց բաժանել են վաուչերների պես»:

Կարելի է միայն հուսալ, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, թեև Գամսախուրդիան վստահեցրել է, որ այդ մասին իրեն հայտնել են արդեն իսկ ռուսական անձնագիր ստացած անձինք, և, որ այդ հարցով արդեն իսկ զբաղվում են Վրաստանի հատուկ ծառայությունները:
Եթե իսկապես ռուսները Վրաստանում բնակվող հայերին սկսել են անձնագրեր բաժանել, ապա դա կարող է նշանակել, որ Կրեմլում չեն բացառում «Ղրիմ 2»-ի իրականացումը Վրաստանում, որը, ինչպես հայտնի է՝ մի քանի ամիս անց ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և շարունակում է հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին:

Վրաստանի ամենախոցելի տեղը՝ Ղրիմում տեղի ունեցածը կրկնելու առումով, Ջավախքն է՝ հայկական բնակչությամբ: Հայերին  ռուսական անձնագրեր տրամադրելը կարող է հիմք դառնալ ցանկացած պահի Ջավախքում ինքնավարության շարժում «կազմակերպելու» և Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով «հանրաքվե» անցկացնելու համար: Նշված բառերը չակերտների մեջ ենք դնում՝ ցույց տալու համար, որ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նման իրադարձություն կարող է տեղի ունենալ միայն Ռուսաստանի դրդմամբ: Ջավախքը Վրաստանում Ռուսաստանի ռումբն է, որը կարող է պայթեցվել ցանկացած պահի: Դժբախտաբար, այնտեղ ապրող հայերը բազմաթիվ օբյեկտիվ, բայց նաև սուբյեկտիվ պատճառներով, կարող են դառնալ այդ ռումբը պայթեցնողները, ինչի հետևանքները կարող են կործանարար լինել ոչ միայն իրենց՝ ջավախահայերի, այլ նաև Հայաստանի, հայ-վրացական ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների համար:

Ասվածն ամենևին չի նշանակում, թե պետք է  հրաժարվել ջավախահայերի՝ հայկական ինքնության պաշտպանությանն ուղղված քայլերից, թե չպետք է շարունակել հանրային, տեղական մակարդակով Վրաստանի իշխանությունների առաջ բարձրացնել Ջավախքի դպրոցներում հայոց լեզվի ուսուցանման կարևորության, հայկական եկեղեցիների դեմ ոտնձգությունների անթույլատրելիության և բազմաթիվ նման հարցեր, ինչով, ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ Ջավախքում գործող հայկական կազմակերպությունները զբաղվում են: Սակայն շատ կարևոր է թույլ չտալ, որպեսզի դա օգտագործվի որևէ երրորդ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի կողմից:

2008 թվականի Ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները՝ ի պատիվ իրենց, կարողացան չեզոք դիրքորոշում որդեգրել՝ թույլ չտալով մեզ համար կենսական նշանակություն ունեցող հայ-վրացական հարաբերությունների վատթարացում՝ միաժամանակ կարողանալով դիմակայել Ռուսաստանին աջակցելու գայթակղությանը կամ պարտադրանքին: 2008 թվականից հետո շատ ջրեր են հոսել, Հայաստանը փոխել է արտաքին քաղաքական վեկտորը, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի իշխանության և ընդդիմության վրա հասել է բարձրագույն մակարդակի: Բայց, անկախ ամեն ինչից, անթույլատրելի է ոչ միայն Ջավախքում «կրակի վրա յուղ լցնելու» ռուսական քաղաքականությանն աջակցելը, այլև նման քայլերը չկանխարգելելը: Դա կարող է չափազանց թանկ գին ունենալ հայերի և Հայաստանի Հանրապետության համար:

Տեսանյութեր

Լրահոս