Քեսաբ. 0 Ժամ. տարհանում, ապաստանի և օժանդակության տրամադրում, բայց նաև քարոզչաքաղաքական աշխատանք
Քեսաբի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետեւանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:
Պետք է արձանագրել, որ դեպի Քեսաբ թուրքական անցակետերից նախաձեռնվող նման թափանցման լայնամասշտաբ գործողության հաւանականությունը սիրիական պատերազմի առաջին օրերից գոյություն ուներ հայկական կողմի համար: Երբ Թուրքիան բացահայտ զինում և ֆինանսավորում է զինյալ խմբաւորումներին, ապա այս դեպքում Քեսաբի շրջանը պոտենցիալ կարեւոր միջավայրերից էր նկատվում եւ շարունակում է նկատվել թափանցման, բայց մանաւանդ Սիրիա-Թուրքիա տվյալ սահմանի շփման գծին տիրապետելու համար: Զինվորական այս ծրագրի պահն էր պարզապես, որ չէր ճշտվել: Թուրքական տարածքներից Սիրիա հարձակման 0 ժամը:
Այս մտահոգությունը, աւելի ճիշտ պիտի լիներ ասել վտանգը, առկա էր Քեսաբի համար. հայտնաբար մնայուն այս սթափ եւ համապատասխան պատրաստվածության իրականությունն էր, որ դեպքերի սկսմանը զուգահեռ շատ արագ կազմակերպվեցին տարհանման գործողությունները: Պաշարված շրջանները եւս, երբ բանակի մարտերի թեժացման եւ որոշ դիրքերի վերագրաւման հետ նկատելի դարձաւ պայմանների համեմատական փոփոխությունը, ճեղքվեցին եւ այդ տեղերը եւս ապաստանած հայրենակիցները տեղափոխվեցին համեմատաբար աւելի ապահով վայրեր:
Պետք է աւելացնել, որ տարհանման նման տարողության ընկալման պատրաստ էր նաեւ Լաթաքիայի շրջանի հայկական շտաբը, որ անմիջապես տարհանված հայրենակիցներին ընդունելու միջոցառումների դիմեց: Փաստորեն, մի քանի հանգրվանով իրականացած տարհանման գործողություններըը, հակառակ ծանր բախումներին, ռմբակոծումներին, հրացանաձգություններին եւ բնակավայրերի ուղղությամբ արձակազենների արձակած կրակահերթերին, անցան առանց մարդկային վնասների:
Մյուս կողմից սակայն, ամբողջ մի հայկական գյուղի ամայացումը մռայլ հուսահատական գույներով պարուրեց ոչ միայն շրջանի հայությանը, այլ նաեւ հայկական աշխարհը: Քեսաբահայության արմատները ձգվում են մինչեւ 10-րդ դար: Երկու օրվա ընթացքում արագ ամայացումը եւ մինչ այժմ նաեւ գյուղի եւ հայկական կառույցների ճակատագրի անորոշությունը, մեղմ ասած, մխիթարական հեռանկարներ չեն ուրվագծում հայրենիքի սահմանամերձ գաղթօջախների հեռանկարին:
Հրատապ աշխատանքների հրամայականը աւելի քան գերակա օրակարգ է Հայաստանի Հանրապետության եւ սփիւռքահայ հոգեւոր եւ քաղաքական կենտրոնների համար: Քաղաքական-հարաբերական աշխատանքներ, զինյալ խմբաւորումների չեզոքացման եւ գյուղի անդորրի վերահաստատման նպատակով օպերատիւ հանդիպումներ, կոչեր: Բայց մանաւանդ Լաթաքիայում ժամանակաւոր հաստատված քեսապահայության օժանդակության աշխատանքների արտակարգ թափ:
Քաղաքական տրամաբանությունը եւ նրան ուղեկցող Սիրիայի տարածքում ծաւալվող զինվորական գործողությունների հաջորդականությունն ու ընդհանրապես երեւացող ռազմավարությունը կարող են հուշել, որ թեկուզ Թուրքիայից սանձազերծված լինելուն այս գործողությունները քեսապահայությունը չունեն իբրեւ առաջնային թիրախ: Որ քեսապահայության տարհանումը (այս դեպքում` տեղահանությունը), գյուղի ամայացումը, հաւանական թալանն ու հայ կազմակերպված համայնքի չեզոքացումը եւս բխում են սահմանից այն կողմ գործող պետության շահերից, վիճարկման խնդիր չէ անշուշտ: Ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերի գրաւումն ու հայության հասանելիք վնասները իբրեւ թուրքական տարածքներից կառավարվող ծրագրերի հետապնդած համատեղելի շահեր աւելի համոզիչ կարող է դարձնել գործողությունների պատճառահետեւանքային մղումները:
Հայկական կողմին վերապահված նշված աշխատանքներից բացի, քարոզչաքաղաքական աշխատանքները բոլորից աշխույժ ձեւով կարող են կենտրոնանալ միջազգային ահաբեկչության դեմ միջոցառումներ որդեգրած, դրա դեմ աննահանջ պայքար հայտարարած միջազգային ընտանիքի առնչված կառույցների վրա` Թուրքիայի այս առումով ունեցած փաստացի դերակատարությունը լույսի բերելու նպատակով եւ համարժեք հակազդեցություն ակնկալելով։ Դժվար չէ ենթադրել, թե Անկարայի ի՜նչ տեսակ ծառայությունների համապատասխան լայնածիր օժանդակություններ է ստացել Թուրքիայում գործող, ֆինանսաւորվող, ռազմափորձերի մասնակցող աշխարհաքաղաքացիական ահաբեկչությունը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր