Բաժիններ՝

Հրթիռակոծվել է Հալեպի Նոր գյուղ թաղամասը, թիրախը հայկական եկեղեցին էր. PanARMENIAN.Net

PanARMENIAN.Net – Հրթիռակոծվել է Հալեպի Նոր գյուղ թաղամասը: Ինչպես հայտնում է ՀՅԴ լրատվական ծառայությունը Հալեպում, մարտի 24-ին Նոր գյուղի վրա 7 հրթիռ ու ական է արձակվել, հայկական Սբ Երրորդություն եկեղեցու ուղղությամբ: Եկեղեցին հայտնի է նաև որպես Զվարթնոց:

Ականները ընկել են բնակելի տների ու շենքերի տանիքների վրա: Հրթիռակոծության ու հրետակոծման արդյունքում վիրավորվել են երիտասարդ պատանի ու աղջիկ, ինչպես նաև մայր ու որդի: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Հրթիռների թիրախը հայկական եկեղեցին է եղել՝ հրթիռներից մեկը վնասել է եկեղեցու գմբեթը, հայտնում է Armenia Today-ը:

Արդեն մի քանի օր է սիրիական հայաբնակ Քեսաբում ողբերգական իրադարձություններ են կատարվում: Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացել ապստամբների համար, որ նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

Ինչպես հայտնել է The Armenian Weekly-ին, գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: «Բազում հայ ընտանիքներ ապրում են Լաթակիայում հարազատների ու բարեկամների մոտ, ոմանք ապաստան են գտել հայկական եկեղեցում: Հալեպի թեմը և Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունն օգություն են ցուցաբերում փախստականներին»,- ասել է Լաթակիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ներսես Սարգսյանը:

Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Ըստ Սարգսյանի, ապստամբները Սիրիա են ներթափանցել Թուրքիայից և աջակցություն են ստանում թուրք զինվորականներից: Վիրավոր գրոհայինները տեղափոխվում են Թուրքիա բուժման նպատակով:

Մարտի սկզբին սիրիական Հոմս քաղաքի հայկական Ալ Արման թաղամասում, որտեղ հիմնականում քրիստոնյաներ ու ալևիներ են ապրում, ականապատ մեքենա պայթեց: Զոհվեց 13 մարդ և 30-ը վիրավորվեց: Թաղամասին լուրջ նյութական վնաս հասցվեց: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ տվյալների, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստականներ են դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձինք:

Այժմ պատերազմն ընթանում է ինչպես ընդդիմության ու կառավարական զորքերի միջև, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով ապրող պետության ստեղծումը: Մոտ 9,5 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ մարտական գործողությունների գոտուց, ինչը մեծածավալ հումանիտար աղետի պատճառ է դարձել Սիրիայում և հարևան երկրներում:
Սիրիայում պատերամի ընթացքում 68 հայ է զոհվել:

Թարգմանությունը` PanARMENIAN.Net-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս