Ռազմական փորձագետ․ Մոսկվան առաջիկայում ակտիվ գործողություններ Հայաստանում չի ձեռնարկի. «Ազատություն»

Ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենհաուեր համարում է, որ առաջիկայում Ռուսաստանն այնքան զբաղված է լինելու Ուկրաինայում, որ որևէ ակտիվ գործողություններ Ղազախստանում, Բելառուսում և հատկապես Հայաստանում չի ձեռնարկելու:

«Ռուսաստանն առաջիկայում խրված է լինելու Ուկրաինայում, հետխորհրդային մյուս երկրներում Մոսկվան պարզապես չի կարող ակտիվ լինել»,- «Ազատության» հետ զրույցում փոխանցել է փորձագետը:

Ըստ փորձագետի՝ այլ հարց է, որ Ադրբեջանը կարող է դիմել կտրուկ քայլերի, եթե տեսնի, որ Մոսկվան ամբողջովին տարված է Ուկրաինայով և եթե ուկրաինական զարգացումները հակասեն Մոսկվայի շահերին:

«Իհարկե, Ադրբեջանը կարող է օգտվել այս հանգամանքից, ընդհանրապես ռուս-ուկրաինական այս ճգնաժամը շատ բան կարող է փոխել՝ և ոչ միայն ետխորհրդային տարածաշրջանում»,- ասաց Ֆելգենհաուերը:

Ինչ վերաբերում է Պուտինի Եվրասիական ծրագրերին, թեև այսօր ավելի հաճախ է հնչում այն կարծիքը, որ Եվրասիական միությունը դեռ չմեկնարկած կարող է տապալվել, Ֆելգենհաուերը համոզված է, որ Պուտինն էլ ավելի առաջ կտանի այս նախաձեռնությունը:

«Եվրասիական իր ծրագրերից Մոսկվան չի հրաժարվի և իր գործընկերներից էլ՝ Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից կպահանջի ավելի հստակ դիրքորոշում արտահայտել»,- ասաց ռազմական փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս