Բացահայտվել է Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի «պլանը» (լուսանկար). tert.am
Ռուսաստանը մտադիր է իր կազմում ներառել Ուկրաինայի «բոլոր ռուսական շրջանները», այդ թվում՝ Կիևը: Դա հետևում է «KyivPost» թերթի գլխավոր խմբագիր Եկատերինա Գորչինսկայայի տարածած փաստաթղթից, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Հաղորդվում է, որ փաստաթուղթը մշակվել է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդում:
Ինչպես երևում է պլանից, այն կազմել են դեռևս Կիևում և շրջաններում բողոքի զանգվածային անկարգությունների ժամանակ: Պլանում նշվում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն իր շահերի պաշտպանության համար:
Փաստաթղթի հեղինակները վստահ են, որ «այդ նպատակի իրականացումը կարելի է ապահովել միայն ռուսների քաղաքների մայր՝ Ուկրաինայի մայրաքաղաք, հերոս-քաղաք Կիևի վրա վերահսկողություն հաստատելով»:
«Միայն Ուկրաինայի ռուսական շրջանների, մասնավորապես՝ Ղրիմի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժյեի, Դնեպրոպետրովսկի, Չեռնիգովի, Սումսկի, Խարկովի, Կիևի, Խերսոնի, Նիկոլաևի, Օդեսայի շրջանների լիարժեք ներառումը Ռուսաստանի կազմում կարող է երաշխավորել խաղաղություն, դրանց բնակչությանն անվտանգություն և բարգավաճում, ինչպես նաև Ռուսաստանի շահերի հուսալի պաշտպանություն»,- ասված է փաստաթղթում:
Պլանի հեղինակները կարծում են, որ նման վերահսկողության հուսալի երաշխիքներ կարելի է ստանալ միայն զինված ուժերի, անվտանգության մարմինների և ՌԴ հատուկ ծառայությունների կիրառման միջոցով:
Թարգմանությունը` Tert.am-ի: