Արամ Մանուկյան. Միակ բանը, որ ձեզ փրկում է՝ տրանսֆերտներն են, եթե սրանք չլինեն՝ ժողովուրդը ձեր գլուխը կջարդի

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քիչ առաջ ԱԺ-ում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կարմիր գծերի, արագաչափերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին առաջարկին, հայտարարեց, որ՝ եթե մեշամասնությունը մերժի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը, իրենք դեմ չեն լինի նաև խորհրդարանական լսումներին:

Արամ Մանուկյանն ասաց, որ հանձնաժողով ստեղծելու առաջարկը «լավ օրից չի գալիս», ապա նկատեց. «Մենք ձեր գործն ենք անում, դուք արեք: Ո՞վ է ձեզ խանգարում ճշտել տրանսպորտի գինն ի՞նչ արժի, ո՞վ: Ես գիտեմ, որ տրանսպորտի արժեք 80 դրամ է, դուք ասոմ եք՝ չէ, ես էլ ասում եմ, որ հարյուրից ավել չէ, դրա համար ուզում եմ հանձնաժողով ստեղծել, որ ապացուցեմ, որ ձեր կողմից արված ավելացումը հիմնավորված չէ»:

Նա նշեց, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը վախենում է կառավարությունից, դրա համար չի կանչում նրանց՝ իրենց կողմից բարձրացված հարցերին պատասխան տալու համար: «Կանչեք էն մարդկանց, ովքեր պատասխանատու են, դուք չեք անում, մենք ենք ուզում ստեղծել, որովհետև Կառավարությունը ձեզնից չի վախենում, մեզնից վախենում է: Դուք կառավարության վրա չունեք ազդեցություն, բայց կառավարությունը ձեզ վրա ունի, ձեզ թույլ չի տա մտնել այն դաշտը, որտեղ պետք չի, իսկ մեզ չի կարող թույլ չտալ»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

Արամ Մանուկյանն ասաց, որ կարմիր գծերը, արագաչափերը սոցիալական մեծ բեռ են դառնում քաղաքացու վրա: «Չկա վարորդ, որ ամիսը երկու անգամ չընկնի արագաչափերի ազդեցության տակ, միջին, համեստ թվերով եմ ասում՝ 15-20 հազար դրամ տալիս են այդ մարդիկ: 350 հազար վարորդ կա Երևանում, բա այդքան գումա՞րը… Այս մարդկանց, քաղաքացիների եկամուտների մեջ այս ամենը կազմում է շատ լուրջ տոկոս: Վարորդներին աշխատեցում են տասնութ ժամ ու նրանք դառնում են պոտենցիալ հանցագործ, որովհետև այդքան մարդը հանցագործ է դառնում այդքան ղեկին նստելուց հետո, բայց աշխատում է, որ մի երկու հազար տանի տուն: Հիմա սրան էլ գումարեք աղքատության թվերը, ի՞նչ է լինում»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ նման սոցիալական ծանրության տակ դնելով քաղաքացուն՝ կառավարությունը մարդկանց ստիպում է գնալ կամ արտագաղթի կամ բունտի ճանապարհով:

«Մենք չենք ասում սխալ են այդ կարմիր գծերը, արագաչափերը, մենք ասում ենք՝ էս բեռի տակից քաղաքացին ո՞նց պիտի դուրս գա: Հիմա պատկերացրեք՝ էդ մարդը մի հատ էլ հիվանդանոց ա ընկնում, թաղում, հարսանիք, հետո՞, եթե նվազագայույնի տակից դուրս չի գալիս, ո՞նց է անելու: Միակ բանը, որ ձեզ փրկում է՝ տրանսֆերտներն են, որ եթե սրանք չլինեն՝ ժողովուրդը ձեր գլուխը կջարդի ուղղակի, որովհետև տրանսֆերտից են դեղ, կոշիկ առնում: Դուք ինքներդ նպաստում եք սոցիալական բունտին»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս