
Նամակ Վարդան Պետրոսյանին՝ Հակոբյանների ընտանիքից. hetq.am

Hetq.am-ը գրում է.
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ընտանիքը բաց նամակ է գրել դերասանին, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Երկար մտածեցինք, գրենք, թե չէ՝ ի պատասխան Վ. Պետրոսյանի նամակին
Պարոն Վարդան, գիտենք, որ տիրապետում եք դերասանական բարձր արվեստին, որը ամեն կերպ օգտագործում եք մեր առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնելու համար: Տարբեր սցենարներ գրեցիք հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար: Բայց դա ձեզ թույլ չի տալիս կորցնել բարոյականությունը և ոտնահարել մեր արժանապատվությունը: Ի՞նչ է նշանակում բազմիցս փորձել ենք հանդիպել և մերժում ենք ստացել: Իսկ դուք ո՞նց էիք պատկերացնում, ձեզ այդքան հարազատ ծափահարություններո՞վ պետք է դիմավորեինք ձեր բարեկամներին:
Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել և խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:
Ավելի լավ կլիներ՝ պատմեիք, թե ինչպես խրախճանքներից հետո ոչ սթափ վիճակում, բարձր արագությամբ, միեւնույն ժամանակ, հեռախոսով խոսելիս ոչնչացրեցիք 2 ընտանիք, 2 ջահել կյանք:
Դրա փոխարեն՝ գեղարվեստականորեն ներկայացրել էիք ձեր քրոջ եւ կնոջ հանդիպումը մեզ հետ: Այո, եկել են, բայց ինչ են տեսել եւ ինչ են խոսել: Տեսել են դժբախտացած 2 ընտանիք, ցավի ու սեւի մեջ մտած 2 մայրեր: Եւ գալուց հետո ինչ են առաջարկել. առաջարկել են Տաթեւիկի համար բժիշկ բերել, որը խորհուրդներ կտա, թե ինչ վարժություններ անի, այն դեպքում, երբ 20-ամյա Տաթեւը, որին հազիվ փրկեցինք մահվան ճիրաններից, դեռ հարց է՝ կկարողանա արդյոք ապրել լիարժեք կյանքով:
Ոչ մի անգամ չհիշեցիք մեր աղջկան, որը հոգեկան մեծ տրավմա է տարել: Ձեզ անգամ չանհանգստացրեց հուղարկավորության հետ կապված խնդիրները՝ այն դեպքում, երբ բազմիցս դա դարձրել եք շահարկման առարկա՝ իբր հոգացել եք այդ մասին: Մենք չենք էլ սպասել, պահեք ձեզ, դա ձեզ հաստատ պետք է գալու»:
Մանրամասներն` այստեղ