Հովիկ Աբրահամյանը՝ Ռուբեն Հակոբյանին. «Ժուչոկներից շատ եք վախեցած, հա՞, պարոն Հակոբյան»
ԱԺ-ն քննարկում է խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների կողմից «Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ է քառյակը որոշել նման առաջարկով հանդես գալ, ապա՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի հարցին, թե ինչո՞ւ եք նման առաջարկ անում, արդյոք «օրենսդրական աշխատանքը փոխո՞ւմ եք հանձնաժողովաստեղծ աշխատանքով», նա նշեց. «Դուք խուսափում եք ասել, թե ինչո՞ւ եք Երևանը դարձնում սեփականություն, տնամերձ տարածք: Հանձնաժաղովի խնդիրն է քննարկել, ներկայացնել առաջարկ: Երկու-երեք տարի շարունակ նույն հարցերը բարձրացվել են, նույն վիճակը մնացել է: Հիմա ես ասում եմ՝ եղբայր, մասնակցեք քննարկումներին, կտեսնեք: Ես ուզում եմ տեսնել՝ ովքե՞ր են, որ Երևանը տնամերձ են ընդունում, որ երևանցուց նալոգ են հավաքում իր տանը բնակվելու համար»:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանի ելույթի ժամանակ ամբիոնի մոտ տեղադրված խոսափոխը խափանվեց, որը Ռ. Հակոբյանը փորձում էր ուղղել. «Ժուչոկ է երևի»,- ասաց նա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից արձագանքեց. «Ժուչոկներից շատ եք վախեցած, հա՞, պարոն Հակոբյան»:
Պատգամավորն էլ հակադարձեց. «Լավ օրից չի»: ԱԺ նախագահն էլ փորձեց պատասխան հնչեցնել, ասելով՝ «Եթե ազնիվ եք, ինչո՞ւ…». Հ. Աբրահամյանի խոսքը, սակայն կիսատ մնաց: