Բաժիններ՝

«Բարև Երևան». Երևանցիներս չենք նեղանա, հանգիստ թողեք այդ մարդկանց

Օղակաձև զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցի   վերաբերյալ հանձնարարականը ժամկետ չունի.

Այսօր, մարտի 24-ին տեղի  ունեցած Երևանի քաղաքապետի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ միայն Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են բացօթյա ապօրինի առևտրի 28 դեպք  ու կազմել են արձանագրություններ: Սա նշանակում է, որ այդքան մարդ տուգանվել է բավական չի, նրանց թույլ չեն տալիս իրականացնել փողոցային առևտուր: Բոլորս գիտենք, Երևանի քաղաքապետը նույնպես, որ  հիմնականում օրվա հացի խնդիր ունեցող տարիքով  մարդիկ  են զբաղվում նման առևտրով: Որքան էլ իսկապես տգեղ լինի երևույթը,  կարծում եմ երևանցիներս չենք նեղանա, եթե այդ մարդկանց հանգիստ թողնեք:

Երևանում կան շատ ավելի տգեղ երևույթներ, որոնց համար ոչ մեկը չի պատժվում, օրինակ Օղակաձև զբոսայգու  Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցը, որը   նախագծային էական խախտումներով կառուցվել էր «Մանկական զվարճալիքների կենտրոն»  ու «Լենա Թովմասյան» ՍՊ-ի կողմից և դրա հետևանքով փլուզվել էր 2012թ. հոկտեմբերի 25-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից 16.07.2013 թ. ստացել է շինարարական նոր թույլտվություն ու կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքները դեռևս չեն վերսկսվել: Չափազանց  տգեղ են այդ շինարարության հետքերը՝ ժանգոտված, սևացած, ցցված  սյուներ, կարծես երկրաշարժի տխուր հետքեր լինեն: Ըստ  մարտի 18-ին  ինձ հասցեագրված քաղաքապետի խորհրդականի կողմից ստորագրված նամակի, քաղաքապետարանի կողմից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմին առաջարկվել է  կամ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ իրականացնել կամ լուծել  տարածքի վարձակալության պայմանագիրը: Նշեմ, որ  սա Քաղաքապետի հանձնարարականն է, որը, որքան էլ տարօրինակ է,  կատարման ժամկետ չունի: Յուրաքանչյոր գործակարգավարականի ժամանակ սպասում եմ , որ զեկուցվի այդ հանձնարարականի մասին, սակայն՝  ապարդյուն:

Գործակարգավարականում կրկին անդրադարձ եղավ դպրոցներում դրամահավաքի երևույթի բացառման հանձնարարականին, որին իհարկե անձամբ դեմ եմ, եթե դրա նպատակը որևէ մեկին նվերի տեսքով կաշառք տալն է: Իմ խորին համոզմամբ, ծայրահեղ է հնչում հանձնարարականը, որովհետև  մանկապարտեզներում և դպրոցներում կան միջոցառումներ, որոնք առանց  ծնողների  միջոցով  կամավոր  դրամահավաքի չեն իրականանա, ավելին՝  նման դեպքերում մանկապարտեզի և դպրոցների տնօրենները խստորեն կքննադատվեն: Սակայն  այս երևույթը չի վերանա, քանի դեռ  մի քիչ ավելի բարձր մակարդակում շատ ընդունված և պահանջված է դրամահավաքը, և դրա վերացման մասին իրավունք ունեն բարձրաձայն խոսել միայն  այն  պաշտոնյաները, ովքեր չեն օգտվում անօրինական դրամահավաքից:

Հարգելի երևանցիներ, ուշադիր եղեք, Քաղաքապետի կողմից  խստորեն դատապարտվեց քաղաքացիների նամակների պատասխաններն ուշացնելու երևույթը  և հանձնարարվեց համապատասխան վարչությունների պետերին նկատողություն հայտարարել նույնիսկ մեկ վայրկյան ուշացնելու դեպքերում, իսկ կրկնվելու դեպքում. «նրանք կլքեն պաշտոնը»՝ ասաց պարոն Մարգարյանը:

«Բարև Երևան»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս