Կառավարությունը կփոխվի, եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը «լեզու գտնեն». Պետրոս Մակեյան. tert.am
Ոչ խորհրդարանական 4 ուժերին իրականում ուղղորդում է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և եթե վերջինս «լեզու գտնի» ներկայիս Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կառավարությունը կփոխվի:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
«Եթե Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնը վերցնի՝ իր կամ Ծառուկյանի դեմքով, կամ նույնիսկ` «իքս» դեմքով, այդ դեպքում Կառավարությունը կփոխվի, եթե ոչ, այդ չորս ուժերի միավորումը կլինի հերթական պրոցեսը, որը կկանխվի և հասարակության մեջ ապատիայի պրոցեսը կխորացնի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Հայ յեղափոխական դաշնակցություն», օրերս պաշտոնապես հայտարարեցին, որ Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ԱԺ նիստերի օրակարգում ներառելու են ապրիլի 28-ին:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ չորս ուժերի միավորման թիկունքում Ռուսաստանն է, քանի որ ցանկանում է Հայաստանում փոփոխություններ իրականացնել, Պետրոս Մակեյանը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը չի բավարարում Ռուսաստանի ցանկացած շահը, նույնիսկ` Ղրիմի պարագայում հայտարարություն արեց, այնինչ ճիշտ կլիներ` զուսպ մնար, ինչպես Աբխազիայի ու Օսիայի պարագայում: Բայց այս անգամ Հայաստանին թույլ չտվեցին այդ դիրքը բռնել, նա էլ արեց այն, ինչ իրենից պահանջեցին»,-ասաց նա:
Պետրոս Մակեյանը նշեց, որ իր համոզմամբ` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ունեն լուրջ հակասություններ՝ փողերի ու իշխանության բաշխման հարցում, բայց` ոչ արտաքին գոծոնների հետ կապված, քանի որ ներկայիս իշխանությունը 15 տարի կարողացել է խաղալ ինչպես Ռուսաստաի, այնպես էլ՝ Արևմուտքի հետ:
«Իշխանափոխության միակ միջոցը երկրի ներքին ռեսուրսն օգտագործելն է: Նրանք լավ գիտեն, որ միան ներքին ռեսուրսը կարող է կործանման բերել իրենց, դրա համար էլ ներքին ռեսուրսը մաշելու խնդիր են լուծում այսօր՝ մի մասը արտագաղթի, մյուս մասը՝ գնելու և ահաբեկելու միջոցներով: Արտաքին ռեսուրսի հետ նրանք միշտ խաղացել են ու էլի կշարունակեն խաղալ»,-ասաց նա:
Պետրոս Մակեյանն առանձին-առանձին անդրադարձավ նաև ոչ կոալիցիոն 4 ուժերին: Առաջին հերթին` անդրադառնալով ԲՀԿ-ին, նա ասաց.
«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում օլիգարխը չի կարող դուրս գալ իշխանության դեմ: ԲՀԿ-ում բոլորն օլիգարխներ են, նրանց մեծ մասը պատրաստ է իրենց հարստության համար ընտանիքը կորցնել, էլ ուր մնաց` հանգիստ թողնեն, որ Գագիկ Ծառուկյանն այլընտրանք խաղաղա ու իրենց ունեցվածքը վտանգի տակ դնի: Դաշնակցությունը միշտ էլ սպասարկել է Քոչարյանին, հիմա էլ է սպասարկում: Դաշնակցության անդամների մեծ մասը նախարարություններում, մարզերում պաշտոններ ունեն` բացի նախարարի ու փոխնախարարի պաշտոնից: Եթե ՀՅԴ-ն ընդդիմություն լիներ, Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում ՀՀ դեսպան չէր լինի»,-ասաց նա:
Մանրամասներն` այստեղ