Արծվիկ Մինասյան. Ցանկացած իշխանություն պետք է առաջնորդվի սեփական ժողովրդի ցանկությամբ (տեսանյութ)

«Առաջին անգամ մեր երկրում հնարավորություն է ստեծվել, որ ժողովուրդը իր պահանջը վերածում է իրական արդյունքի»,- այսօր Ազատության հրապարակում կազմակերպված «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ իրական արդյունքը լինելու է ՍԴ-ում մարտի 28-ին սկսվող քննության և դրա ավարտով պայմանավորված հաստատումը, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է:

Նա նշեց, որ իրենք ամեն ինչ պետք է անեն, որ «չքնաղ Հայրենիքում» հաստատվի մի կարևոր փաստ՝ ցանկացած իշխանություն պետք է առաջնորդվի սեփական ժողովրդի ցանկությամբ, հաշվի առնի հայ ժողովրդ, քաղաքացու շահը և իր գործողությամբ նպաստի նրան, որ ժողովուրդն ունենա բարեկեցիկ կյանք՝ անկախ տարիքից, այն հանգամանքից՝ իշխանությո՞ւն է, թե՞ իշխանություն չէ:

«Մարտի 28-ին սկսվելու է 6 ամիս առաջ սկսված պայքարի գործի քննության սկիզբը, համոզվա եմ, որ մեր բերած բոլոր փաստարկները ոչ միայն տեղ են հասնելու, այլև՝ ամրապնդվելու են բազմաթիվ հաստատումներով: Համոզված եղեք, որ եթե մենք մեր միասնությունը պահպանենք, չենթարկվենք ավելորդ խժդժություններին, ավելորդ մխրճումներին, որոնք փորձ են անելու ներկայացնել, թե իբր քաղաքացիական ու քաղաքական ուժերը տարբեր կերպ են մտածում, այդպես չէ: Եթե մենք կարողանանք միավորվել, կունենանք հաղթանակ: Այս բազմահազարանոց միտինգը ցույց է տալիս, որ եթե մենք մեկ բռունցք լինենք, կկարողանանք հաղթել ցանկացած դժվարություն և ՍԴ միջոցով մեր երկրում կստեղծենք ժողովրդի իշխանություն, կձևավորենք մի կարևոր նախադեպ, որ հայ քաղաքացին կարողանալու է իրացնել իր իշխանությունը սեփական հայրենիքում»,- շեշտեց նա:

Ըստ նրա՝ ցանկացած բարեփոխում պետք է սկսվի պարտադիր բաղադրիչը հանելու գործից, ինչից հետո, Ա. Մինասյանի խոսքով, իրենք պատրաստ են հանրային լայն քննարկման միջոցով մշակել տարբեր սցենարներ:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս