Դաունի համախտանիշի միջազգային օրն է
Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ այս օրը նշվում է 2012 թվականից` Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու նպատակով:
Դաունի համախտանիշի միջազգային օրվա 2014 թվականի խորհրդանիշը երեք զույգ գուլպաներն են` շերտավոր, գույնզգույն, որոնք նման են քրոմոսոմների: Նրանք, ովքեր ուզում եմ իրազեկման միջոցառումներ կազմակերպել, կարող են հագնել երեք զույգ գուլպա և բացատրել ինչու են դա անում: Անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Դաունի համախտանիշի նկատմամբ և բարելավել այն ունեցող երեխաների կյանքի որակը:
21 թիվը պատահական չի ընտրվել. 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը:
Դաունի համախտանիշով երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին սովորելու ունակ են, և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ և զուգընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության աջակցության շնորհիվ նաև կարող են լուրջ ձեռքբերումների հասնել:
Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «Արբես» առողջության կենտրոններում, նաև մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում»` բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաև ներառական մանկապարտեզներում և դպրոցներում:
Մեր հասարակության մեջ դեռևս պահպանվում է այս հիվանդության խարանը և նման երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը:
Սակայն ճիշտ և ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը և շրջապատի վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կնպաստեն հասարակության մեջ այս երեխաների լիարժեք ինտեգրմանը:
Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի բարձր է տարիքով մեծ ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն:
ՀՀ Առողջապահության նախարարություն