Ալիևը օգտվում է Պուտինի նվերից. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Իլհամ Ալիևը շտապում է օգտագործել Ռուսաստանի ստեղծած նախադեպը, երբ տեղի է ունենում տարածքի ուժային բռնակցում։ Ալիևը Նովրուզ Բայրամի տոնի կապակցությաամբ ելույթ ունենալով հայտարարել է, որ աշխարհում առաջին պլան է մղվում ուժային գործոնը, և նշելէ, որ Ադրբեջանը զինվում է բավական լայն թափով։ Ալիևին նման հայտարարությունների առիթ տվել է իհարկե, Կրեմլը՝ Ղրիմի օկուպացիայով։
Ի սկզբանե պարզ էր, որ Կրեմլի այդ քայլն Ադրբեջանը փորձելու էր օգտագործել առնվազն դիվանագիտական նպատակներով:
Այսինքն՝ Բաքուն, ըսս էության, ստանում է ուժային գործոնն առաջ մղելու լեգիտիմ հիմքեր, ինչն էլ Ալիևն արդեն իսկ սկսում է անել դիվանագիտական ճակատում։ Ղրիմի խնդիրը առաջին հերթին Հայաստանի համար մտահոգիչ է հենց այս տեսանկյունից, որ ըստ էության ստեղծվում է տարածքային վեճ լուծելու առումով ուժային մի նախադեպ՝ այն դեպքում, երբ Հայաստանն ունի դարաբաղյան խնդիր։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի մատուցած «նվերից» Ադրբեջանը չի հապաղում օգտվել։ Ըստ որում՝ հարկ է նկատել, որ մի քանի օր առաջ հրապարակվեց Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի հետազոտության արդյունքը, որում փաստվում էր, որ Ադրբեջանը հանդիսանում է աշխարհում զենքի խոշորագույն ներկրող և Մեծ Բրիտանիայից հետո երկրորդն է Եվրոպայում այդ ցուցանիշներով։ Եվ ամենահետաքրքիրը՝ Ադրբեջանի թիվ մեկ մատակարարը Ռուսաստանն է, որը մատակարարում է Ադրբեջանի ներկրած սպառազինությունների 80 տոկոսը, որի մեծ մասը հարձակողական սպառազինություն է։
Այսինքն՝ Ռուսաստանն արդեն չորս տարի է հանդիսանում է Ադրբեջան զենքի հիմնական, գերակա մատակարարը, և զենքից, սպառազինությունից բացի Մոսկվան, ըստ էության, նաև մատակարարում է Ղրիմի օրինակով այդ զենքերը օգտագործելու, այսպես ասած, դիվանագիտական պատճառներ կամ հիմքեր, նախադեպեր։ Այսինքն՝ Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլ նաև տալիս է այդ զենքի հնարավոր օգտագործման, այսպես ասած, նախադեպային հիմքեր։ Ի վերջո, զենքը պետք է օգտագործվի, որպեսզի, այսպես ասած, նորը վաճառելու տեղ բացվի։ Եվ Ռուսաստանը այս առումով, ըստ էության, Ադրբեջանին մատուցում է համալիր ծառայություններ, այսինքն ամբողջական սպասարկում։
Մանրամասները «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։