ՀՀԿ-ում առնետներ չկան, ՀՀԿ-ում սաղ իրար հետ են. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ամիսներ շարունակ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ բանակցող «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները թեպետ բազմիցս հայտարարել են, թե իրենք չեն ցանկանում նախաձեռնությամբ հանդես գալ պարզապես հանդես գալու համար, բայց այսօր էլ պարզ չէ, թե ինչի վրա է նրանց հույսը: Խորհրդարանի համամասնությունը չի փոխվել, և ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ դեռ անցած քառօրյային տապալեց ընդդիմության մի շարք նախագծեր: Մինչդեռ փաստ է միայն, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով քառյակը պատրաստվում է դիմել Ազգային ժողովին, իսկ թե ինչպես են իրենց միսիան կյանքի կոչելու, նրանք լռում են: Միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն օրերս մեզ հետ զրույցում ասել էր. «Մի կարծեք, թե ՀՀԿ-ն ամբողջությամբ պաշտպանելու է Տիգրան Սարգսյանին…», ինչից ակնհայտ է, որ ոչ իշխանականների հույսը ՀՀԿ խմբակցությունից առնետավազքն է, քանի որ քառյակի նախաձեռնությունը, ըստ քաղաքական շրջանակների, Քոչարյանի վերադարձի հող է նախապատրաստում:
Նկատելի է մի բան, որ Քոչարյանն ըստ էության դեռ անցած տարիներին է սկսել ՀՀԿ-ին մեսիջներ հղելու ուղղությամբ աշխատանքը՝ համապատասխան հող ստեղծելու համար։ Ոչ վաղ անցյալում նա հայտարարեց, թե շատերին 2007 թվականին հենց ինքն է ՀՀԿ զործուղել, որ ուժեղացնի այդ կուսակցությունը։
Թեպետ ՀՀԿ-ն վաղուց ապացուցել է իր խամաճիկային բնույթը, և այստեղ հավաքվածները հլու-հնազանդ կատարում են վերևների հրամանները, սակայն իշխանասերների այս խումբը կարող է նույնքան անկանխատեսելի լինել սպասվող իշխանափոխության փաստից։
Ի՞նչ ապրումներ ունեն Քոչարյանի հետ միասին 10 տարի երկրում իշխանական մեծամասնություն հանդիսացած ՀՀԿ-ականները, և կլինե՞ն այնտեղ «առնետներ», փորձեցինք պարզել ՀՀԿ հնաբնակներից։
Դեռ մի քանի օր առաջ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, ով 1999 թվականից ԱԺ-ում է, հայտնել էր, որ Հանրապետականում «առնետներ» կան։ «Դա ասում են իշխանությունը կորցնելուց հետո. բայց, փառք Աստծո, մենք իշխանությունը չենք կորցրել։ Բայց կլինեն, անշուշտ, և դրա մեջ ես չեմ կասկածում»,– հայտարարել էր Հարությունյանը։ Արտահայտությունն արվել էր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունից առնետավազքի առիթով։ Իսկ այսօր նա հետ է կանգնում՝ «ՀՀԿ-ում առնետներ չկան»։ Պատգամավորը նեղսրտում է՝ իր խոսքը նենգափոխել են, ենթատեքստից կտրել։ «Այսինքն, ՀՀԿ-ում չկան Քոչարյանին հավատարիմներ»,– կողմնորոշվելու վերջին շանսը տվեցինք Հարությունյանին, ով զինաթափվեց. «Ես քաղաքում չեմ, չեմ կարող խոսել, տեսնո՞ւմ եք՝ ձայնս էլ կտրվում է», ով, սակայն, մոռանալով, որ լավ չի լսում, մեր հաջորդ հարցից վրդովվեց. «Այ ախչի, ես ի՞նչ եմ իմանում՝ էդ չորս ուժերը Քոչարյանի համա՞ր են բան անում, թե՞ ինչի համար։ Դուք տեսե՞լ եք, էդ ուժերն ըտենց հայտարարությո՞ւն են արել, ես չեմ լսել, ես տեղյակ չեմ, այ ախչի ջան, կլսեմ՝ կխոսենք», ապա ղարաբաղցի ՀՀԿ-ականը անջատեց հեռախոսը։
Փոխարենը նրա գործընկեր Աշոտ Աղաբաբյանը հարձակման անցավ. «Եթե նման առնետներ բացահայտվեն, անպայման կհեռանան մեր կուսակցությունից»։ Իսկ առնետներ չկան, «որովհեւոեւ մեր մոտ երբ մի բան է ներկայացվում, ֆրակցիայի նիստ է արվում, հարցերը քննարկվում են և գալիս են եզրահանգման ու կատարում են ֆրակցիայի որոշումը, մենք ուժեղ թիմ ենք»։ Բայց ՀՀԿ-ում Քոչարյանի ազդեցության վերաբերյալ հարցից Աղաբաբյանն այնքան խառնվեց, որ հայտարարեց. «Մեզ մոտ այդ հարցը չենք քննարկել»։ Հետաքրքրվեցինք՝ ինքը պարտավորություններ ունի միայն Սերժ Սարգսյանի, թե՞ նաև Քոչարյանի հանդեպ։ «Ռոբերտ Քոչարյանը եղել է մեր երկրորդ նախագահը, և ես շատ հարգում եմ իրեն. նույնպիսի հարգանք ունեմ նաև առաջին նախագահի նկատմամբ, բայց նման ձևով հարցին մոտենալը քիչ ա, որովհետեւ ՀՀԿ-ն էսօր իշխանություն է, և մենք իրավունք չունենք այսօր ոչ մի հարցի շուրջ վրիպել, մեր ժողովուրդն էսօր էնքան բարդ վիճակում է, որ մենք չենք կարող էսօր իրար կողք չլինեևք. իրար հետ չլինենք։ էսօր աշխարհում տեղի է ունենում վերաբաժանում. և դա մեզ պետք է մեսիջ լինի, որ իրար կողք լինենք։ Բնակաևաբար. ՀՀԿ– ում սաղ իրար հետ են»։
Մանվել Բադեյանին քառյակի նախաձեռնությունն ընդհանրապես չի հուզում, էլ ուր մնաց «առնետների» մասին մտածի և պատրաստ չէ մեկնաբանել «ոմանց մտային վարժանքները», «Ես մի բան գիտեմ, որ ես կուսակցության անդամ եմ, իսկ մեր կուսակցությունը հատուկ որոշում չի կայացրել վարչապետին պաշտոնանկ անելու մասին, ուստիև դրանով ավարտվում է ամեն ինչ»: Իսկ քառյակի անդամները, ըստ Բադեյանի, ընդամենը նպատակ ունեն «ևս մեկ անգամ հայտարարեն, հիշեցնեն հասարակությանն իրենց գոյության մասին»:

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս