Կհետևի՞ Ղարաբաղը Ղրիմի օրինակին (տեսանյութ)
Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները դրական ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ նշելով, որ ՌԴ դեմ սանկցիաների ազդեցությունը կարող է շղթայական լինել:
Ըստ Այվազյանի՝ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների խնդիր կա, Իրանը պրագմատիկ լուծում չի, որպեսզի կարողանան իրանական գազը հասցնել Եվրոպա, լավագույն սցենարի պարագայում 3-4 տարի կպահանջվի:
«Հայստանի աշխարհագրական դերն ու տեղը հաշվի առնելով՝ մեզ վրա ազդեցությունը կլինի, թե ինչ չափով ու ինչ ծավալով կլինի, կախված է հետագա զարգացումներից»,- ասաց Վ.Այվազյանը՝ հավելելով, որ ավելի անհանգստացնող է ուկրաինական ժողովրդի ճակատագիրը:
ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ ՌԴ դեմ պաժամիջոցները համատարած չեն կարող լինել, հարցը դեռ քննարկվում է, առաջինը՝ չինովնիկների հաշիվների սառեցումն էր ԱՄՆ-ում, որի դեմ այնքան էլ չեն բողոքում: Նրա խոսքով՝ եթե ՌԴ դեմ լուրջ պատժամիջոցներ կիրառվեն, ապա վնասներ կկրի ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրոպան ու ԱՄՆ-ը, իսկ Ուկրաինայի հարավում գործարանների պատվերների մեծ մասը գալիս է Ռուսաստանից:
168.am-ի հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Ղրիմի օրինակով ԼՂՀ-ն դիմում գրի ու միանա ՀՀ-ին, Մ.Մելքումյանը պատասխանեց. «Ինչ դիմում պետք է գրի: Ղարաբաղը 1989 թ-ի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշում ունի»:
Վ. Այվազյանի խոսքով՝ քաղաքականության մեջ նախադեպային լուծումներ չեն լինում, իսկ ազգային ինքնորոշման իրավունքի տեսանկյունից Ղրիմի պարագայում կոնֆլիկտային իրավիճակ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում