Հովիկ Աբրահամյանի և Ծառուկյանի պատճառով Սևանին վտանգ է սպառնում. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումները, ինչպես սպասվում էր, թեժ էին և կոմպրոմատային: Նախ նշենք, որ Ազգային ժողովի կողմից, կառավարության այս նախագծին օրենքի ուժ հաղորդելու պարագայում, մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Սևանա լճից տարեկան բաց կթողնվի մինչև 240 մլն խորանարդ մետր ջուր, այսինքն՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջուր:
Ըստ պաշտոնական հիմնավորման, այս ընթացքում կլուծվի Սևջուր գետի և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը, և կիրականացվեն առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումներ: Օրենքի նախագծի մշակումը, ըստ նույն պաշտոնական հիմնավորման, պայմանավորված է եղել Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգի տակ գտնվող Արարատյան դաշտի 8 հազար հա հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ նույն պաշտոնական տեղեկատվության՝ հիշեցնենք, որ վարչապետը որոշման առիթով անցած տարվա դեկտեմբերին ասել էր, թե հարցը պետք է պատշաճ ձևով ներկայացնել զանգվածային լրատվամիջոցներին. «Սա նուրբ թեմա է, և հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների: Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»: Իսկապես թեման նուրբ է և, պարզվում է՝ տարբեր սուբյեկտների շահերից բխող: Հիմա՝ հերթով:
Ինչպես այս, այնպես էլ ամեն անգամ բնապահպանների, հասարակության տարբեր շերտերի մոտ այս քայլը դժգոհության տեղիք էր տալիս, որոնք «SOS» են հնչեցնում կապուտաչյա գեղեցկուհուն փրկելու հարցով և հայտարարում, որ լիճը կանգնած է մահացու վտանգի առջև: Այս անգամ արդեն կառավարությունը որոշել է միանգամից խնդիրը լուծել 5 տարվա համար: Թերևս այս դեպքում անհրաժեշտ չի լինի ամեն տարի նույն գլխացավանքի մեջ հայտնվել:
Բնապահպանները նույնն են ասում՝ ջրառի չափաքանակի ավելացումը կվնասի լճի էկոհամակարգին, կնպաստի լճի ճահճացմանը և կստեղծի էկոլոգիական ռիսկեր:
Թեպետ նախագծում նշվում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են, որպեսզի 2019 թվականից ապահովվի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ (նոր ջրամբարների կառուցում, պոմպակայանների ու ջրատար համակարգերի վերանորոգում ու նորերի կառուցում և այլն), բայց նկատենք, որ այսպիսի խոստումներ տրվել են նաև անցած տարիներին: Ավելին՝ հեղինակները չեն խուսափում խոստովանել. «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»: Եվ ահա, նախորդ տարիների տխուր կրկնությունը նկատի ունենալով, կառավարության դեմ պայքարի ելած ԲՀԿ-ականները հատկապես լավ էին պատրաստվել երեկվա քննարկմանը և փորձում էին իրենց հարցադրումներով ամեն կերպ ցույց տալ, որ գործ ունենք որոշակի շահեր սպասարկելու կառավարության հերթական փուչիկ նախագծի հետ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանին ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, օրինակ, հարցրեց, թե արդյոք կոմիտեն ունի՞ պատճառաբանություն, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել: «Ասում եք՝ հողերի խոնավության աստիճանի փոփոխություն է տեղի ունեցել, և պակասել են այդ հատվածում եղած ջրերը: Երաշտ չի եղել նախորդ տարիներին, կլիմայական ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել»: Պատգամավորը հետաքրքրվեց նաև. «Եվ ի՞նչ է տեղի ունենալու 2019 թվականին, եթե չհասցնենք ջրամաբարներն, էլի ավելացնելու, ու բացթողո՞ւմ եք անելու, թե՞ սպասվում են էլի կլիմայական փոփոխություններ, որ մեր պաշարները կշատանան»: Անդրանիկ Անդրեասյանը թեական պատասխանեց. «…Եթե Եղվարդի ջրամբարը կառուցվի, ապա հինգ տարի հետո այս խնդիրը կլուծվի», իսկ թե ինչու ջրի խնդիր առաջացավ, կառավարության անդամը հստակ պատասխան չտվեց: Հետո ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին, թե ինչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել, որի արդյունքում հանգել են ոռոգման ջրերի հետ կապված խնդրին: Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ կառավարությունն արել է առավելագույնը ոլորտին աջակցելու նպատակով, ներդրումային ծրագրերն ընթացքի մեջ են, իսկ ձկնաբուծությանն ուղղված ծրագրերի արդյունքում առաջիկա հինգ տարիներին Սևանն ստիպված պետք է լինի «օգնել» ոռոգման համակարգերին: Ապա կառավարության ներկայացուցիչը բացեց փակագծերը, թե ձկնարտադրությունը, այսինքն՝ ջրային ռեսուրսների վատնումն է նաև հանգեցրել ջրի դեֆիցիտի: Գաղտնիք չէ, որ այս բիզնեսը կենտրոնացված է Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի ձեռքում, և նրանց լճերն էլ հենց Արարատյան դաշտավայրում են: Կառավարության ներկայացուցիչը գրեթե բաց հայտարարեց, որ Սևանից ջուր բաց թողնելու անհրաժեշտությունը և դրա վտանգավոր հետևանքները, մեղմ ասած, նաև Ծառուկյանի բիզնեսի պատճառով են: Այս բացահայտումներից հետո ակնհայտորեն փոխվեց ԲՀԿ-ական պատգամավորների տոնայնությունը, դրանից հետո նրանք «ըմբռնումով» մոտեցան այն 29 գյուղերի 40 հազար բնակիչների խնդիրներին, որոնց անհրաժեշտ է այդ ջրաքանակը: Միքայել Մելքումյանն անգամ հայտարարեց, որ, մերժելով նախագիծը, մենք «40 հազար մարդու արտագաղթի ճամփա կհանենք», ու առաջարկեցին փոխհատուցման ծրագիր մշակել:
Թե ինչ փոփոխություններ կմտցվեն նախագծում, կներկայացնենք առաջիկայում:
Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։