Հայկական կողմը Ղրիմի հարցը պետք է օգտագործի… ԳԱԼԱ
ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը գտնում է, որ պաշտոնական Երեւանը պետք է կարողանա Ղրիմի հարցը օգտագործել՝ Արցախի հարցն առաջ քաշելու եւ փորձելու խնդիրը տեղաշարժել գոնե միջազգային իրավունքի տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
«Ես չեմ ասում համեմատական տանեն, որովհետեւ դրանք բոլորովին տարբեր բաներ են՝ Ղարաբաղի հարցը տարբեր է, Ղրիմինը տարբեր է, Կոսովոյինը՝ տարբեր, բայց կրկնում եմ՝ այդ հարցը պետք է օգտագործել, Հայաստանի ղեկավարությունը պետք է նորից ու նորից այդ հարցը առաջ քաշի: Եվ Ռուսաստանը, որ այդքան եռանդով բարձրացրեց այդ խնդիրը, որ ազգային ինքնորոշման հարց է, պիտի հենց նույն համատեքստում շոշափվի Ղարաբաղի հարցը»:
Դիվանագետը գտնում է նաեւ, որ հարմար առիթ է նաեւ ստեղծվել, եւ Հայաստանը պետք է կարողանա հարց բարձրացնել, որ Արցախին եւս ընդգրկեն բանակցային գործընթացում, որը չափազանց կարեւոր է:
«Հայկական կողմը պետք է իր սխալներն ուղղի, եթե ուզում ենք հարցը տեղից շարժել: Այո, անհրաժեշտ է բանակցային կողմ դարձնել Ղարաբաղը, ինչից որ մենք հիմարավարի հրաժարվեցինք: Արդեն քանի տարի նման վիճակում է հարցը, եւ ես կրկնում եմ՝ մինչեւ Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ, ես չեմ կարծում, որ որեւէ մի տեղաշարժ կարող է լինել այդ հարցում»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Պարոն Նավասարդյանը մինչեւ այժմ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ համարեց դրական: Նրա կարծիքով հայկական կողմը հիմա էլ պետք է հավասարակշռված հայտարարություն անի:
«Հիմա, ըստ երեւույթին, պաշտոնական ինչ- որ հայտարարություն կամ դիրքորոշում կարող է լինել: Մի՛ մոռացեք, որ Ռուսաստանը մեր քաղաքականությունում ինչ տեղ է գրավում: Վերցնենք ասենք Ռուսաստանը վա՞տ արեց, հա, կամ Ուկրաինա՞ն: Ուկրաինայի հետ մենք առանց այն էլ պրոբլեմներ ենք ունեցել: Ե՛վ կրակել են մեր վրա, եւ՛ զենք են վաճառել եւ այլն: Այնպես որ պետք է ամեն ինչ կշռադատել: Եվ կրկնում եմ՝ այս ամենում նախ եւ առաջ պետք է առաջնորդվել Արցախի խնդրով»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: