Պահանջներ՝ ուղղված ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը
«Նախիջևան» ազգային քաղաքական նախաձեռնությունը իր բողոքն ու անհամաձայնությունն է հայտնում պատմական Հայաստանի անբաժանելի մասնիկը կազմող, իսկ այժմ ապօրինաբար Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջազգային օրենքներով ու նորմերով , արդարության հասնելու ակնկալիքով, դիմում ենք Ձեզ, քանի որ դուք որպես ազգերի համաշխարհային ընտանիքի բարձրագույն ներկայացուցիչ պարզապես իրավունք չունեք անտարբերության մատնել և չտալ Ձեր համապատասխան գնահատականը մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են ցեղասպանությունը, էթնիկ զտումները , զենքի սպառնալիքի տակ կազմակերպված բռնագաղթը, համամարդկային նշանակություն ունեցող մշակութային հուշարձանների ոչնչացումը և այլն:
Բոլորին հայտնի է , որ Նախիջևանում դեռևս անհիշելի ժամանակներից ապրել և ստեղծագործել են հայերը և այն անկասկած պատմական տարբեր փուլերում եղել է Հայաստանի անբաժանելի մասնիկը: Սակայն 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայում և հոկտեմբերի 12-ի Կարսում Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրերով այն անհասկանալի պայմաններում օտարվում է Հայաստանից և դրվում Ադրբեջանի վերահսկողության տակ, որպես ինքնավար հանրապետություն:
Դա ակնհայտորեն Միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք նպատակ չունենք այս նամակում նշել միջազգային օրենքների 1921 թվականին կատարված բոլոր խախտումները, քանզի վստահ լինելով որ դրանք ձեր համար միանգամայն պարզ են , այլ ընդհակառակը խնդրում ենք և միևնույն ժամանակ պահանջում ուշադրություն դարձնել և համապատասխան գնահատական տալ 1918 թվականին Նախիջևանը օկուպացրաց Օսմանյան զորքերի կողմից իրականացրաց ցեղասպանության և 1919 թվականի դեկտեմբերի Նախիջևանի Վերին և Ներքին Ագուլիսներում կատարված սոսկալի սպանդի, 1990-ական թվականների սկզբից և մինչև 2006 թվականը շարունակվող Ջուղայի անգերազանցելի մշակութային արժեք ունեցող խաչքարերի ոչնչացման վերաբերյալ:
Ինչպես Ձեզ , այնպես էլ ամբողջ աշխարհի համար ակնհայտ է , որ Նախիջևանը ոչ մի մշակութային , տնտեսական առնչություն չունի Ադրբեջանի հետ և նրա ապօրինի օտարումով խոչընդոտվել են հայ ժողովրդի զարգացման հեռանկարները և Հայաստանը ենթարկել տնտեսական շրջափակման, քանի որ առանց այդ էլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Հայաստանը, զրկված է նաև հարավային կենսական նշանակություն ունեցող ճանապարհներից:
Իսկ Ադրբեջանը միտումնավոր կերպով մի քանի տասնամյակների ընթացքում ոչ միայն բռնությամբ արտաքսել է այդ երկրամասի բնիկներին , այլ նաև ջանասիրությամբ ոչնչացնում է հազարամյակների ընթացքում այդ երկրամասում հայ ժողովրդի ստեղծագործական մտքի բոլոր հնարավոր հետքերը:
Այժմ ներկայացնենք մեր պահանջները ուղղված ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը
- Դատապարտել 1918 և 1919 թվականներին Նախիջևանում կատարված ցեղասպանության բոլոր հատկանիշները կրող իրադարձությունները:
- Դատապարտել Նախիջևանի տարածքում վերջին երկու տասնամյակներում կատարված մշակութային վանդալիզմը:
- ԵՎ ի վերջո քննարկման դնել 1921 թվականին Հայ ժողովրդի դեմ կատարված միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և ներկայումս Նախիջևանի ինքնավար հանրապետության Հայաստանի կազմում լինելու պատմական օրինականությունը:
«Նախիջևան» ազգային քաղաքական նախաձեռնություն