Մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նշվել է, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով տնօրենի ազատման հարցին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է. «Զբաղեցրած պաշտոնից կազատվեն բոլոր այն դպրոցների տնօրենները, որոնք թույլ կտան իրենց մանկավարժին ոչ հարիր պահվածք:

Դպրոցում կարգուկանոնի և  համապատասխան առողջ մթնոլորտի ապահովումը մեզ համար կարևոր է, և այդ հարցում մեր մոտեցումը հստակ է: Եթե ծնողների կողմից կան արդարացի դժգոհություններ, ընդ որում՝ երբ դրանք մի քանի անգամ են բարձրացվում, ապա պետք է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր: Աշակերտների և ծնողների նկատմամբ կոպիտ և անհարգալից վերաբերմունքն անպատիժ չի կարող մնալ: Եվ սա վերաբերում է ոչ միայն հանրակրթական, այլև կրթամշակութային բոլոր հաստատությունների տնօրեններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշվել է, որ խիստ նկատողություն է հայտարարվել նաև թիվ 37 դպրոցի տնօրենին՝ նախազգուշացմամբ, որ կրկնվելու դեպքում վերջինս կազատվի աշխատանքից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ դրամահավաքության որևէ դեպքի հայտնաբերման պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ տնօրեններին աշխատանքից ազատում:

Տեսանյութեր

Լրահոս