Վրաստանի հայ համայնքը հանդիպեց ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ
Մարտի 9-ին «Հայարտուն» կենտրոնում կայացավ Վրաստանի հայ համայնքի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ:
Հանդիպման թեման Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերլուծությունն էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների դիտարկմամբ:
Հանդիպումը կազմակերպվել էր «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ (Ծրագրի կայքէջը`այստեղ.)
Պարոն Շկոլնիկովը ներկաներին ներկայացրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերող զբաղվող տարբեր կառույցների կողմից արված առաջարկություններ` ուղղված Վրաստանի իշխանություններին: Միևնույն ժամանակ, նա անդրադարձավ մի շարք պետությունների կողմից Վրաստանի իշխանություններին արված առաջարկություններին մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին Վրաստանի ներկայացրած զեկույցի ժամանակ (Համընդհանուր պարբերական դիտարկում):
Հյուրն ընդգծել է, որ թե′ ՄԱԿ-ի տարբեր կառույցների, թե′ տարբեր պետությունների ներկայացուցիչների կողմից վրացական իշխանություններին խորհուրդ էր տրվում անդրադառնալ խորհրդային շրջանում առգրավված կրոնական փոքրամասնություններին պատկանող սեփականության փոխհատուցման հիմնախնդրին: Ըստ նրա` մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունն ընկած է պետության վրա: Նա նաև նշեց, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով զբաղվող մարմինների ներուժի արդյունավետ օգտագործման համար քաղաքացիական հասարակությունը պետք է լինի ակտիվ ու նախաձեռնող:
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացրին Վիրահայոց թեմի` խորհրդային շրջանում առգրավված սեփականության փոխհատուցմանը, «Միացյալ ազգային շարժման» օրոք հայալեզու դպրոցների պարբերական փակմանը, քաղաքական բանտարկյալներին առնչվող և այլ հարցեր: