ՀՔԾ-ն գործ է հարուցել Հելսինկյան ասամբլիայի հաղորդման հիման վրա
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ նամակը` այն մասին, որ քաղաքացի Կարեն Գևորգյանն ազատությունից ապօրինի զրկվել է:
Քաղաքացի Կարեն Գևորգյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության, ԼՂՀ ոստիկանության բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի ոստիկանների կողմից 2014թ. փետրվարի 19-ից մինչև փետրվարի 21-ը ինքն ապօրինի ազատությունից զրկված է եղել, իսկ ԼՂՀ ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրվել:
Վերոհիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով Կարեն Գևորգյանի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու և ԼՂՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու զուգորդմամբ լիազորություններն անցնելու հետևանքով Կարեն Գևորգյանի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն