Նախնական պայմանավորվածության համաձայն՝ կառավարության իմպիչմենտի հարցը կբարձրացվի ապրիլին

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները, նախնական պայմանավորվածության համաձայն, ապրիլ ամսին հանդես կգան կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Պատգամավորը նշեց, որ քաղաքական ուժերը նախատեսում են կառավարության իմպիչմենտի հարցը բարձրացնել Ազգային ժողովի՝ ապրիլի 28-30 քառօրյա նիստերի ընթացքում, սակայն շեշտեց, որ վերջնական որոշում քաղաքական չորս ուժերը այս հարցում դեռևս չեն կայացրել. խոսքը, Ս. Մարգարյանի փոխանցմամբ՝ միայն նախնական պայմանավորվածության մասին է:

«Որոշում չկա, բայց դա եղել է մեր նախնական խոսակցության մեջ, երբ կհանդիպենք հաջորդ շաբաթ՝ վերջնական կհստակեցնենք»,- ասաց նա:

Ստեփան Մարգարյանը նշեց նաև, որ կրկին նախնական տվյալների համաձայն, մարտ ամսին նախատեսված է հանրային քննարկումների շարք անցկացնել կառավարության անվստահություն հայտնելու հարցի շուրջ:

Մեր տեղեկություններով՝ քառյակը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով «ճանապարհային քարտեզ»-ը կհրապարակի հաջորդ շաբաթվա ընթացքում, որտեղ ամփոփված կլինեն ոչ իշխանական ուժերի անելիքները:

Մարտի 19-ին սպասվում է քառյակի հաջորդ համատեղ դռնփակ հանդիպումը ԱԺ ՀԱԿ խմբակցությունում, որից անմիջապես հետո, կամ հաջորդ օրը՝ մարտի 20-ին, ոչ իշխանական ուժերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Տեսանյութեր

Լրահոս