Անդրեյ Մակարևիչ. Ես չեմ ուզում վաղն արթնանալ մի երկրում, որը պատերազմական վիճակի մեջ է Ուկրաինայի և ողջ աշխարհի հետ (տեսանյութ)
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ մասնակցել են քայլերթի, որը կրում է «Խաղաղության և ազատության մարշ» խորագիրը: Այս մասին հաղորդում է ռուսական Grani.ru լրատվական կայքը: Մասնակիցների ձևակերպմամբ` քայլերթը բողոք է «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի, ատելության սերմանման և ազատ լրատվամիջոցների արգելափակման» դեմ:
Grani.ru-ի տվյալներով` ակցիային մասնակցել են 30-50 000 քաղաքացիներ: Նրանց թվումեն եղել նաև մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում` հանրահայտ «Машина времени» ռոք-խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչը, ում հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան գործակալության լրագրողը: Մակարևիչն ասել է, թե եկել է երթին, քանի որ իրեն շատ է մտահոգում այն ամենն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, մասնավորապես` Ուկրաինայում, և մտահոգում է նաև Ռուսաստանի իշխանությունների համառ դիրքորոշումը:
Երգիչը նշել է, թե թողնում է Պուտինի խղճին այն պնդումը, թե Ղրիմում ռուսական զորքեր չկան:
«Որքան ես գիտեմ, մենք այնտեղ ունենք զորքեր, և ինձ թվում է` նրանք սադրում են Ուկրաինայում իրավիճակը, որն առանց այդ էլ լարված է: Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին, իսկ մեր ներկայությունը Ղրիմում իրար դեմ է դուրս բերում երկու կողմերին…Իմ կարծիքով` այլ պետության տարածք զորքեր մտցնելը հավասար է պատերազմ հայտարարելուն: Ես չեմ ուզում վաղն արթնանալ մի երկրում, որը պատերազմական վիճակի մեջ է Ուկրաինայի ու ողջ աշխարհի հետ … Ես գիտեմ, որ Ուկրաինայի նախորդ իշխանությունները Ղրիմը հասցրել են ահավոր վիճակի, և ղրիմցիները բազմաթիվ խնդիրներ ունեն: Ես հասկանում եմ, որ նրանք ուզում են ինքնորոշման իրավունք ունենալ, ես միայն չեմ հասկանում, թե ինչ են անում այնտեղ մեր զորքերը»,- ասել է Անդրեյ Մակարևիչը: