32-մյա կինը մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ 37 տարեկան տղամարդուն սպանելու մեջ

Ստեփանավանի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: 32-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է մի տղամարդու: Կնոջը մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104 –րդ հոդված): Կինը կալանավորված է: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ կցված են սպանված տղամարդու վարտիքը, կիսավարտիքները, սպիտակ անդրավարտիքը և կարճաթե շապիկը, կիսագուլպաները, կոշիկները, կնոջ և տղամարդու գլխի մազերի նմուշները, դեպքի վայրում հայտնաբերված մուրճը, «Русский мед» տեսակի 2 հատ դատարկ օղու շշերը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված արյան հետքերից վերցված 2 խծուծները, բջջային հեռախոսները, կնոջ վերնազգեստը, անդրավարտիքը, եղունգների նմուշները, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված դանակը և այլ իրեր:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1977 թ. ծնված տղամարդուն բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել: Նրա դին հայտնաբերվել է շքամուտքի դիմաց կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով:

Տեսանյութեր

Լրահոս