Մահացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Ռոլես Աղաջանյանը
karabakh-open.info-ն գրում է. Երեկ դժբախտ պատահարի արդյունքում մահացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, ՀՀ 1990-1995 թվականների Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ առաջին եւ երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր Ռոլես Աղաջանյանը։
Այսօր Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, որում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի արժանավոր զավակ, հասարակական եւ քաղաքական գործիչ Ռոլես Գեորգիի Աղաջանյանի ողբերգական մահվան մասին:
Ռոլես Աղաջանյանը Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, կանգնած է եղել մեր գոյապայքարի ակունքներում եւ ծանրակշիռ ավանդ է ունեցել մեր ժողովրդի՝ ազատության հասնելու նվիրական ձգտումների իրականացման գործում, ակտիվորեն մասնակցել է մեզ պարտադրված պատերազմին, հաղթանակների եւ անկախ պետականության կերտմանը:
Նա եղել է հարազատ ժողովրդին նվիրված անձնավորություն, համեստ, բարի եւ հավատարիմ ընկեր:
Հայրենիքն արժանվույնս է գնահատել Ռոլես Աղաջանյանի վաստակը` պարգեւատրելով նրան պետական բարձր պարգեւներով:
Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով:
Ռոլես Աղաջանյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»:
Նախագահի հրամանագրով Ռոլես Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով, որը գլխավորում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։