Եթե իրենք չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների. Էդուարդ Շարմազանով

ԱԺ Հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավաստիացնում է՝ իշխանությունը դրական է վերաբերում ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի համախմբմանը:

«Մենք` որպես քաղաքական իշխանություն, մշտապես կողմնակիցն ենք եղել, որ քաղաքական դաշտում բացառապես լինի առողջ քաղաքական պայքար, և ընդդիմությունն ու իշխանությունը ներկայացնեն քաղաքական օրակարգ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ընդդիմադիր ուժերի միջև տեղի ունեցող հանդիպումներին:

Էդ. Շարմազանովը չէր բացառել, որ հայաստանյան քաղաքական դաշտը կարող է գնալ կուսակցությունների խոշորացման ճանապարհով, ապա կանխատեսեց, թե կարող է լինել երկու բևեռ՝ մեկը ՀՀԿ-ն, իսկ մյուսը՝ ավելի փոքր կուսակցությունները, օրինակ՝ ՀԱԿ, Ժառանգություն, միգուցե նաև՝ ՀՅԴ, որոնք, ըստ նրա, ժամանակի ընթացքում կարող են քայլեր ձեռնարկել միավորվելու մեկ բևեռի՝ ԲՀԿ կուսակցության մեջ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, արձագանքելով Է. Շարմազանովի այս հայտարարությանը, նրան հիշեցրել էր. թե ժամանակին ՀՀԿ-ն է եղել ՀՅԴ-ի մեջ: «Ես շատ լավ հիշում եմ, որ 1990-ականների սկզբին ՀՀԿ-ն լրջորեն քննարկում էր ՀՅԴ-ի մեջ մտնելու տարբերակը, ինչ-ինչ փոքր խնդիրներ այդ ժամանակ խանգարեցին: Չգիտեմ` պարոն Շարմազանովը հիշո՞ւմ է այդ օրերը, թե՞ ոչ: Եվ վերջում` ես վստահ եմ, իհարկե, որ պարոն Շարմազանովը հրաշալի գիտի և գիտակցում է, որ ՀՅԴ-ն եղել և մնալու է ինքնուրույն ազդեցիկ կուսակցություն և որևէ մեկի հետ չի միավորվելու»,- ասել էր Վարդանյանը:

Անդրադառնալով այս հայտարարությանը, Է. Շարմազանովը հայտարարեց, թե ինքը խոսում է ապագայի մասին, իսկ «հարգարժան գործընկերները» խոսում են անցյալից: «Կարծում եմ՝ պիտի նայենք դեպի ապագան, իսկ ներկան ու ապագան խոստանում են մեզ, որ մենք կարող ենք ունենալ երկբևեռ քաղաքական դաշտ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե այդ ուժերը «չեն ուզում, ոչ մեկը իրենց չի ստիպում» նման քայլի դիմել:

Նա արձագանքեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ոչ թե նմանեցվում է ամերիկյան Հանրապետական կուսակցությանը, այլ՝ սովետական KПCC-ին: Է. Շարմազանովն ասաց, թե իրեն զարմացնում է՝ իր գործընկերները «յոթ երգ գիտեն, յոթն էլ Հանրապետականի մասին է»:

«Ես լուրջ առաջարկ եմ անում, ասում եմ՝ հնարավոր է լինի միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ, մարդիկ ասում են Հանրապետականը նման է KПCC-ի, ես ի՞նչ եմ ասում, իրենք ի՞նչ են ասում, իմ ասածը նա չի, որ Հանրապետականը ում է նման, ինչի է նման, Հանրապետականը Հանրապետական է, ես իրենց մի բարեկաման խորհուրդ կտամ, եթե իրենք չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, միգուցե վերածվեն պիոներիկների, հոկտեմբերիկների»,- նշեց նա:

Լրագրողների ճշտող հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը պետք է միանա հենց ԲՀԿ-ին, նա պատասխանանեց, թե ԲՀԿ-ն է ամենամեծ կուսկացությունը:

Տեսանյութեր

Լրահոս