Բաժիններ՝

Պետք չէ ոստիկանի կերպարն ընկալել իբրև մի մարդու, ումից բոլորը վախենում են. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ Ազգային ժողովում կառավարության և պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է կրթության ոլորտի մի շարք խնդիրների:

Պատասխանելով ավագ դպրոցներում ոստիկանների գործունեության անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ոստիկանների գործունեությունն ավագ դպրոցներում դրական ազդեցություն է ունենում և միտված է դաստիարակչական նոր մոդելի ներդրմանը:

Այն նախապես իրականացվել է իբրև փորձնական ծրագիր և նոր միայն կառավարության որոշմամբ թույլատրվել է.

«Նախնական արդյունքները դրական են, սակայն ծրագիրն ամբողջ համակարգում կիրառելու համար անհրաժեշտ միջոցներ առայժմ չկան: Այս մոդելի հեղինակը Հայաստանը չէ, նման փորձ կիրառվում է աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև մեր հարևան Վրաստանում, որտեղ դպրոցական ոստիկանի ինստիտուտը ներդրված է ոչ միայն ավագ, այլև բոլոր հանրակրթական դպրոցներում:

Հանրային այն արձագանքը, որ մենք ստացել ենք ավագ դպրոցներում ոստիկանների գործունեության վերաբերյալ, բացառապես դրական է. ծնողական և մանկավարժական հանրույթի կողմից քննադատություններ համարյա չեն եղել»,- հայտարարել է Ա. Աշոտյանը:

Հարցապնդմանը, թե այդպիսով աշակերտները դիտարկվում են իբրև «պոտենցիալ հանցագործնե՞ր», Ա. Աշոտյանն արձագանքել է՝ նշելով, որ ժամանակն է կոտրել մտածելակերպի կարծրատիպերը.

«Պետք չէ ոստիկանի կերպարն ընկալել իբրև մի մարդու, ումից բոլորը վախենում են: Ճիշտ հակառակը՝ ավագ դասարանների տղաները սկսում են ընկերություն անել ոստիկանների հետ: Ավելին՝ դպրոցներում ակնառու է տղամարդ կադրերի բացակայության խնդիրը, և ոստիկանները դպրոցում ինչ-որ չափով լրացնում են նաև այդ բացը: Նրանց ֆունկցիան սոսկ կարգապահությունը չէ, շատ կարևոր է դաստիարակության խնդիրը»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ դպրոցներում ոստիկանության հետ համատեղ մի շարք ծրագրեր են իրականացվում, և ոստիկանը դիտարկվում է օրինապահ Հայաստանի խորհրդանիշը:

Անդրադառնալով դպրոցներում հաստիքների կրճատումների վերաբերյալ վերջին շրջանում հանրային հնչողություն ստացած խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է.

«Հայաստանի դպրոցներում, գաղտնիք չէ, ուսումնական համակազմի կրճատում է տեղի ունեցել, սակայն կառավարությանն առ այսօր հաջողվել է խուսափել զանգվածային կրճատումների գնալու քայլից: Մի կողմից՝ ունենալով կրթության որակի բարձրացման գերնպատակ՝ մյուս կողմից, գիտակցելով, որ մենք նաև սոցիալական որոշակի պատասխանատվություն ենք կրում, դպրոցների նկատմամբ որևէ պարտադրանք չի եղել: Մենք չենք պարտադրում դպրոցներին, որ մեկ մանկավարժական դրույքը զբաղեցվի մեկ մասնագետի կողմից: Հայաստանում ֆինանսավորվում է շուրջ 25 հազար մանկավարժական հաստիք, սակայն փաստացի այս պահին աշխատում է 40 հազարից ավելի մանկավարժ: Այսինքն՝ մոտ 15 հազար մասնագետի ավելցուկ կա համակարգում: Կառավարությունը դեմ է զանգվածային կրճատումներին և կարծում է, որ խնդիրը կարող է կարգավորվել դպրոցների ինքնավարության շրջանակում: Ինքնավարության ապահովումն առաջին հերթին դպրոցի ղեկավարության, ապա նաև տարածքային լիազոր մարմնի՝ մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի և Կրթության և գիտության նախարարության խնդիրն է: Մենք նաև վերանայել և փորձել ենք կարգավորել դպրոցների ուսումնաօժանդակ աշխատակազմի հարցը: Սակայն պետությունը դպրոցներում աշխատողների մանկավարժական և ոչ մանկավարժական որևէ հաստիք չի կրճատել, հակառակը՝ նախորդ տարիների համեմատ, այս տարի դպրոցական հաստիքների քանակն ավելի շատ է: Ուղղակի նպատակ է դրված ավելի արդյունավետ օգտագործել բյուջեի գումարները, ձերբազատել համակարգը, այսպես կոչված «մեռյալ հոգիներից»:

Մենք առաջարկել ենք չափանիշներ, սակայն դրանք պարտադիր են կատարման միայն այն դեպքում, եթե դպրոցը չունի համապատասխան ֆինանսական ռեսուրս: Եթե դպրոցի բյուջեն թույլ է տալիս, նրանք կարող են մեկի փոխարեն երկու աշխատող պահել՝ որևէ մեկը չի արգելում»,- հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարը:

Ինչ վերաբերում է առաջարկին, թե խնդրի լուծումը հնարավոր է գտնել դասարանների փոքրացման կամ դրույքաչափի ծանրաբեռնվածության նվազման տարբերակով, ըստ Ա. Աշոտյանի, կարելի է ցանկացած առաջարկություն քննարկել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ կարգի ցանկացած փոփոխություն պահանջում է հավելյալ ֆինանսավորում և ծախսերի աճ: Անդրադառնալով Վանաձորի ֆիզմաթ և բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոցի շենքային պայմանների բարելավման խնդրին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցը երկար ժամանակ գործել է մարզպետարանի ենթակայությամբ: Լոռու մարզ կատարած այցի ժամանակ նախարարն անձամբ եղել է դպրոցում, տեղում ծանոթացել իրավիճակին.

«Կրթության և գիտության նախարարությունում այժմ մշակվում է Գյումրի և Վանաձոր քաղաքների դպրոցական նոր ցանցը և խնդիրը դիտարկվում է այդ համատեքստում՝ չբացառելով դպրոցների խոշորացման հեռանկարը: Ծրագիրը կմեկնարկի գալիք սեպտեմբերի 1-ից, և ես կարծում եմ, որ հարցը կստանա դրական լուծում»:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս