Լվացքի փոշու և անվադողերի ներկրման արգելք
tesankyun.am-ը գրում է. Վերջին շրջանում Բագրատաշենի մաքսակետով Հայաստան լվացքի փոշի ներկրելու արգելք է գործում: Այդ մասին կայքին հայտնել են Վրաստան հաճախակի մեկնող եւ այնտեղից տարբեր ապրանքներ ներկրող նոյեմբերյանցիները: Նրանց խոսքերով՝ Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցները թույլատրում են Վրաստանից մեկ տուփ լվացքի փոշի ներկրել, սակայն՝ ոչ ավելի քանակությամբ: Առեւտրականները խոսքով, որ լվացքի ավտոմատ մեքենաների համար նախատեսված լվացքի փոշին Վրաստանում շուրջ 3 անգամ էժան է Հայաստանում վաճառվող նույն ապրանքի համեմատ: Լվացքի փոշու ներմուծման արգելքից ավելի խիստ է նոր անվադողերի ներկրման տաբուն: Նոյեմբերյանցի գործարարների վկայությամբ՝ Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներն ընդհանրապես արգելել են Վրաստանից նոր անվադողերի Հայաստան ներկրումը: Որոշ հնարամիտ վարորդներ գտել են նման իրավիճակից ելքը. իրենց ավտոմեքենաների անվադողերը փոխում են, տեղադրում խիստ մաշված, հին անվադողեր, հատում հայ-վրացական սահմանը, Վրաստանում գնում, տեղադրում նոր անվադողեր, հներն էլ դեն նետում: Այդ կերպ նրանք խուսափում են անվադողերի ներկրման հետ առնչվող, Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների հետ տհաճ խոսակցությունից: Նոյեմբերյանցի առեւտրականները կարծում են, որ լվացքի փոշու եւ անվադողերի՝ Հայաստան ներկրման արգելքը կապված է այն բանի հետ, որ Հայաստանում իշխանությունների հետ սերտաճած օլիգարխներն են ներկրում դրանք, եւ այդ պատճառով մարդկանց արգելում են հիշյալ ապրանքները, թեկուզ փոքր քանակությամբ, Հայաստան ներմուծել:
Մանրամասներն` այստեղ