Արարատ Զուրաբյան. Հայաստանը տեսնում ենք քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում

«Հայաստանի իշխանությունները որևէ տեսակետ չեն արտահայտում ուկրաինական դեպքերի վերաբերյալ, և հայ հասարակության համար անհայտ է` մեր իշխանություններն ընդունո՞ւմ են ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված Ուկրաինայի ժամանակավոր իշխանություններին, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքով` պատճառն այն է, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը և մտահոգված է նույնիսկ որևէ կարծիք արտահայտելու իրավունք ունենալու առումով, որովհետև տվյալ պարագայում Ռուսաստանին կարող է դուր չգալ որևէ տեսակետ, որ Հայաստանի իշխանությունը կարող է արտահայտել:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Եվրոպական ալյանսը», որը նախաձեռնել է ՀՀՇ-ն, Արարատ Զուրաբյանն ասաց. «Այսօր Հայաստանում ունենք այսպիսի իրավիճակ. կա ռուսամետ իշխանություն, որը Հայաստանի շահերից առավել սպասարկում է Ռուսաստանի շահը Հայաստանում, ունենք ընդդիմություն, և պետք է ցավով նշեմ, որ ընդդիմության մի զգալի մասի համար դեպի Մաքսային միություն ընթացքը «անշրջելի է» և ինչ-որ տեղ, հավանաբար, ողջունելի կամ հաստատ ողջունելի է:

Մենք չենք կիսում այս մոտեցումը և գտնում ենք, որ Հայաստանում կան թե՛ անհատներ, թե՛ հասարակական խմբեր, վստահ եմ` կլինեն նաև կուսակցություններ, որոնք Հայաստանը տեսնում են քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Եվ կարծում եմ, որ Հայաստանի ապագան այստեղ է, սա քաղաքակրթական ընտրության հարց է: Եվ մենք ուզում ենք այս նախաձեռնությունը ծառայեցնել նրան, որպեսզի այս ուղղվածությունը մեր երկրում հնարավորինս ամրանա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս