Էդուարդ Շարմազանովը՝ ՀԱԿ-ին. «Իսկ դուք «Բարգավաճից» ինչո՞վ էիք պակաս, որ չմասնակցեցիք»
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան,
Օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հստակ ազդակներ հղեց թե՛ ԵԺԿ-ին, եւ թե՛ միջազգային հանրությանը.
Առաջին, Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձեւավորմանը եւ շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:
Երկրորդ, Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիան շարունակում է ապօրինի շրջափակման մեջ պահել Հայաստանը` իրականացնելով ժխտողականության քաղաքականություն եւ անտեսելով հայրենազրկված հայ ժողովրդի պահանջը:
Երրորդ, Եվրոպան այլեւս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության, իսկ չլռելու մի ձեւ կա` հիշել, դատապարտել եւ պահանջել:
Չորրորդ, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանը շարունակում է ֆաշիզմի եւ հայատյացության քաղաքականությունը, որը չի կարող ընդունելի լինել եվրոպական արժեհամակարգի համար:
Հինգերորդ, Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կառուցողական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:
Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Մի շարք կետերով ծրագիրը ոչ միայն կատարվում է, այլեւ ինչպես իրավացիորեն նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, արդեն իսկ առաջանցիկ տեմպեր են արձանագրվել: Մաքսային միության գործընկերների գնահատմամբ` Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին:
Հարգելի խորհրդարան,
Մարտի 9-ին մի շարք մարզերում տեղի ունեցան համայնքային ընտրություններ, որտեղ Հանրապետականը հաղթեց 28 համայնքում, «Բարգավաճ Հայաստանը»՝ միայն 3, ՀՅԴ-ն՝ 1 համայնքում: Հարցս ուղղում եմ ՀԱԿ-ի մեր գործընկերներին. «Իսկ դուք «Բարգավաճից» ինչո՞վ էիք պակաս, որ չմասնակցեցիք»:
Շնորհակալություն ուշադրության համար: