Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնն աջակցություն է տրամադրում հայ վերադարձող միգրանտներին
Մարտի 11-ին ԵՄ աջակցությամբ Երևանում հիմնադրվեց Վերաինտեգրման ուղղորդման կենտրոն: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գագիկ Եգանյանը ողջույնի խոսքով հանդես եկան կենտրոնի բացմանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծեց այն փաստը, որ Շարժունակության շուրջ գործընկերության հռչակագրի լույսի ներքո «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ցույց է տալիս, թե Եվրոպական միությունը որքան է կարևորում Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հետագա զարգացումը: Այն ընդգծում է նաև այն մեծածավալ աջակցությունը, որը տրամադրվում է համապատասխան կառույցների կարողությունների հզորացմանը միգրացիան կառավարելու և վերաինտեգրման գործընթացը դյուրացնելու նպատակով:
Իր բացման խոսքում պարոն Գագիկ Եգանյանը նշեց, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները կկարողանան օգտվել վերաինտեգրման անհատական աջակցությունից Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնում, որը բացվել է Միգրացիոն պետական ծառայության տարածքում «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում:
Ըստ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն տիկին Վիրժինի Արտոյի՝ կենտրոնը ՀՀ վերադարձող քաղաքացիներին ծառայում է որպես «մեկ պատուհան», որտեղ նրանք տեղեկանում են վերաինտեգրման հնարավորությունների վերաբերյալ և վերաինտեգրման աջակցություն ստանալու նպատակով ուղղորդվում իրենց անհատական իրավիճակին համապատասխան ծառայությունների: «Վերաինտեգրման աջակցության լայն հնարավորություններ տրամադրելու համար Միգրացիոն պետական ծառայությունը և «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրն արդեն իսկ ակտիվորեն համագործակցում են վերաինտեգրման աջակցութուն տրամադրող 4 կազմակերպությունների հետ»,- հավելեց նա:
«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ստորագրվել է Եվրամիության և Հայաստանի միջև Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում: Ծրագրի նպատակն է միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացումը՝ կիզակետում պահելով վերաինտեգրմանն ուղղված գործողությունները: Ծրագիրն իրականացվում է ԵՄ 8 անդամ պետությունների Կոնսորցիումի կողմից Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (ՖԻԻԳ) գլխավորությամբ: Ծրագրի իրականացման ժամկետը 3 տարի է: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 միլիոն եվրո: