Ուկրաինան վճարում է ատոմային զենքից հրաժարվելու համար. Der Tagesspiegel
Գերմանական Der Tagesspiegel թերթի մեկնաբան Մալտե Լեմինգն Ուկրաինայի վերաբերյալ իր հոդվածում գրում է. «(Լիբիայի նախկին առաջնորդ) Մուամմար Քադաֆին իր կյանքի վերջում հնարավոր է` փոշմանել է, որ 8 տարի առաջ հանձնել է զանգվածային ոչնչացման զենքը (ԶՈԶ)` պատժամիջոցների վերացման դիմաց:
Նույն կերպ Ուկրաինան կարող է փոշմանել, որ ժամանակին հրաժարվել է միջուկային զինանոցից, որն իր մեծությամբ երրորդն էր աշխարհում: Եվ քանի որ Ուկրաինայի իրադարձություններին ուշադիր հետևում են օրինակ Իրանում, ապա ուկրաինական ճգնաժամն ունակ է արագացնել անվտանգության գլոբալ ճարտարապետության քայքայումը:
Իդեալում միջազգային-իրավական գերագույն մարմինը ՄԱԿ ԱԽ-ն է: Նրան մոռացության մատնեցին, երբ ՆԱՏՕ-ն 1999 թվականին ուժով հասավ Կոսովոյի անջատմանը: Նույնը տեղի ունեցավ Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնին տապալելու ժամանակ (2003):
Ռուսաստանը կտրականապես դեմ է եղել այդ երկու պատերազմներին: Ապա Մոսկվան ինքն է պատերազմ սանձազերծել և նույնպես առանց ՄԱԿ ԱԽ-ի մանդատի: Դա նախ տեղի ունեցավ 2008 թվականին, Կովկասում: Իսկ այժմ Վլադիմիր Պուտինն իրեն ուղղակիորեն իրավունք է վերապահում ռազմական ներխուժում ձեռնարկելու Ուկրաինայում:
Այն, ինչը ծառայում է սեփական շահերին, վեր է դասվում միջազգային իրավունքի մերժումներից` կապված պայմանագրերի հնարավոր խախտման հետ: Ատոմային զենքն ահաբեկում է: Հյուսիսային Կորեայի օրինակն ուսուցանում է մեզ, որ ատոմային զենքին տիրապետող երկիրը անձեռնմխելիություն է ձեռք բերում ամեն տիպի ներխուժումներից: Անվտանգության երաշխիքները մնում են թղթի վրա:
Ուկրաինայի դեպքերը խորհրդանշում են նոր փուլ փխրուն աշխարհակարգի ճանապարհին: Ամեն կերպ սպառազինվում են Ասիայի բազմաթիվ երկրներ, արաբա-մուսուլմանական աշխարհն ավերակների մեջ է, Ամերիկան նահանջում է, Եվրոպայում սկսում է գերակայել ազգայնական էգոիզմը: Մի՞թե չկա որևէ սփոփանք: Ո´չ, այս անգամ չկա»: