Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում հանրապետության 53 համայնքներում
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ ԿԸՀ տվյալների` համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 93 քաղաքացի, որոնցից մերժվել է միայն մեկի գրանցումը` ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու հիմքով: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 28 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն 64 թեկնածուներ:
Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 329 քաղաքացի: Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 19 թեկնածուի կողմից:
2014թ. մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 15-ում` 2 թեկնածու, 3-ում` 3 թեկնածու և 1-ում` 4 թեկնածու: Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 310 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: