Իտալիան դժգոհություն է հայտնել Միքելանջելոյի «Դավիթ»-ին «զինած» գովազդի կապակցությամբ
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկին զենքի արտադրության ամերիկյան «ArmaLite» ընկերությանը կոչ է արել ետ կանչել իր գովազդը, որտեղ Միքելանջելոյի հանրահայտ գլուխգործոցի` «Դավիթ»-ի ձեռքին զենք է հայտնվել, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Զինված «Դավիթ»-ի կերպարը վիրավորական է եւ խախտում է օրենքը: Մենք միջոցներ կձեռնարկենք ամերիկյան ընկերության դեմ, որպեսզի վերջինս ետ կանչի գովազդը»,- նշել է իտալացի նախարարը:
Նախարարությունում նշել են, որ արձանի կերպարը կոմերցիոն նպատակով օգտագործելու համար հարկավոր է պաշտոնական թույլտվություն ստանալ, ընդ որում` արձանի գեղագիտական արժեքը չպետք է խախտվի: