Թղթախաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի դեպքով հարուցված գործը դատարանում է
Դատարան է ուղարկվել Երևանի 51-ամյա բնակչի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի շենքերից մեկի բակում տեղադրված զրուցարանում թղթախաղի սխալ խաղալու պատճառով վիճաբանել է 77-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում քաշքշել և հրել է նրան, ինչի արդյունքում 77-ամյա տղմամարդը վայր է ընկել և գլուխը հարվածել զրուցարանի մետաղական կառուցվածքներին՝ ստանալով գանգուղեղային փակ վնասվածք և գիտակցության չգալով՝ մահացել է:
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մահ պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով): Եթե դատարանն ապաուցված համարի տղամարդու մեղքը, ապա նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: