Հայկական կողմը պահանջում է, որ Կարմիր Խաչը շուտափույթ այցելի Արսեն Խոջոյանին. «Ազատություն»
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու փաստը շաբաթ օրը պաշտոնապես հաստատել է նաև հայկական կողմը:
«Սահմանահատման հանգամանքները առայժմ ճշտվում են, լրացուցիչ ոչինչ ասել չեմ կարող այս պահի դրությամբ»,- այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Ի պատասխան «Ազատության» հարցի՝ Կապրիելյանը հաստատեց, որ Կարմիր Խաչին հայկական կողմը տեղյակ պահել է: «Եվ պահանջ ենք առաջ քաշել, որպեսզի Բաքվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը շուտափույթ կերպով այցելի Արսենին և տեղեկությունները հայտնի հայկական կողմին: Առայժմ ոչ մի նորություն չունեմ», – հավելեց նա:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, որ երեկ, տեղեկանալով Արսեն Խոջոյանի անհետացման մասին, որոնել են նրան, սակայն՝ ապարդյուն: Ուրբաթ օրը ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Թովուզի շրջանում է հայտնվել Հայաստանի քաղաքացի 23-ամյա Արսեն Խոջոյանը՝ քաղաքացիական հագուստով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այդ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովը: Ադրբեջանական կայքերից մեկը հրապարակեց նաև Խոջոյանի լուսանկարը: Հաղորդվում էր, որ Արսեն Խոջոյանին տեղափոխում են Բաքու, որտեղ նրան պետք է այսօր հարցաքննեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: